Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի դատավարությունն սկսվեց վիրավորանքներով, անպատվություններով:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:
Ինչպես հայտնի է, սպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: Դատը մեկնարկեց վիրավորանքներով: Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, տեսնելով ամբաստանյալին իր դիմաց նստած, զայրացավ. «Ես ինչպե՞ս տեսնեմ, հանդուրժեմ իմ էրեխին հոշոտողին: Ինչպե՞ ս եք սրան պաշտպանում»:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց, ասելով, որ իրենք անմեղ մարդու են պաշտպանում: Այս խոսքերն ավելի զայրացրեցին Անահիտ Իսկանդարյանին, որը հարցրեց. «Եթե սա անմեղ է, ո՞վ է սպանել իմ որդուն, հավի ձագ էր, հա՞, վիզը կտրեցիք ու վերջ, հիմի էլ եկել է, ասում է` ես չեմ սպանողը, սաղ դատարանը շոու եք սարքել: Ես ձեր ընտանիքին չկործանեմ, կտեսնեք: Բա դու էլ հա՞յր ես, հա՞, դու էլ հետն ես եղել»:
Կարդացեք նաև
Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը իրեն զսպեց` ոչինչ չասելով որդեկորույս մորը: Հուզված տիկնոջը փորձում էին հանգստացնել, սակայն վիճաբանությունը տարածվեց դահլիճում առանձին շարքերով նստած երկու կողմերի միջև: Անահիտ Իսկանդարյանի կողմնակիցները Անիի նախկին ոստիկանապետին ասում էին, որ ով էլ լիներ մոր փոխարեն, նման կերպ կխոսեր:
Շուտով Անիի ոստիկանապետն ու նրա դուստրը, որպես վկաներ, դուրս հրավիրվեցին դատարանից, իսկ կողքի դահլիճում դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ սկսվեց նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա , ինչպես հայտնի է, մեղադրվում է նախաքննական մարմնի աշխատանքները խոչընդոտելու մեջ:
Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը տևեց բավականին երկար, դատախազը ընթերցեց մեղադրանքը, ու սկսեցին հարցաքննել վկաներին: Սպանվածի մայրը ներգրավվեց նաև որպես վկա, ու հարցաքննությունը սկսվեց հենց նրանից:Այսօր դատարանը լսեց նաև Շիրակացի փողոցի ավտոլվացման աշխատակիցիներին, ինչպես նաև Կարեն Եսայանի ընկերներին: Նրանց դատարանին տված ցուցմունքներին կանդրադառնանք մի փոքր ուշ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ