«Անգամ պաշտոնական, կեղծված, լցոնված, վախվորած, ամոթ արդյունքներով իրենք ասում են Կապանը հաղթեց, դա նշանակում է Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, հենց հիմա», – Կապանի հրապարակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` մշակույթի կենտրոնի հրապարակում հավաքված ժողովրդի աչքի առջեւ դեմ առ դեմ հանդիպման կոչ անելով Սյունիքի մարզպետին:
Մարզպետի հրաժարականին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջն անընդունելի համարեց եւ այդ պահանջին դեմ արտահայտվեց Մագդա Գեւորգյանը, ով բարձրացավ հարթակ, եւ ասաց. «Ես՝ որպես զոհված ազատամարտիկի քույր, անընդունելի եմ համարում, որ որեւէ մեկը պահանջի ազատամարտիկի հրաժարականը»: Սակայն նրա խոսքը դժգոհություն առաջացրեց հրապարակում հավաքված կապանցիների մոտ, ովքեր դժգոհող ձայներով փորձում էին ընդհատել եւ դեմ արտահայտվել վերջինիս ասածին:
«Դուք զգո՞ւմ եք, որ մենք միասին նոր Հայաստան, նոր Սյունիք, նոր Կապան ենք ստեղծում, եւ դուք բերել եք հաղթանակ շատ եւ շատ քաղաքների ու գյուղերի հետ մեկտեղ: Դա նշանակում է, որ պատասխանատվությունը ոչ միայն իմն է, այլ նաեւ` ձերը:
Կարդացեք նաև
Ես մինչեւ իմ կյանքի վերջին կաթիլը թույլ չեմ տալու, որ ձեր ընտրած հաղթանակը ձեզանից գողանան, ոչ մի «զադնի սկորուստ» չի լինելու: Ժողովուրդը ասել է՝ ես հաղթել եմ, եւ ես հաղթանակը ձեզ հետ միասին տանելու եմ մինչեւ ավարտ: Հայ մարդը խոսել է, հայ մարդն ասել է, որ ես սյունեցի եմ, ես կապանցի եմ, եւ հայաստանցի եմ, եւ ես բերում եմ հաղթանակ Խուստուփ սարին եւ մեր երեխաներին», – Կապանում իր ելույթը եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հանդիպումից հետո այցելեց Գարեգին Նժդեհի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետի շիրիմին:
Կապանյան այցից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց իր հանդիպումները մարզի մյուս քաղաքներում` Գորիսում եւ Սիսիանում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ