Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը` դասադուլի կոչերի մասին

Փետրվար 27,2013 19:57

«Եթե ինչ-որ դեսպանատների խոտածածկ կանաչ տարածքներում ֆուրշետների են մասնակցում,  դա չի նշանակում, որ դա իրավունք է տալիս նայել մեկ այլ հայ ուսանողին վերեւից»:

«Այս երեք օրերի ընթացքում, ցավոք, ականատես եղանք քաղաքական պայքարի շրջանակներում մի շարք քաղաքացիների կրթության իրավունքի, բուհերի ապաքաղաքականացման պահանջի եւ ներքին կանոնակարգերի  ու կարգապահական նորմերի խախտման փորձերի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով փետրվարի 25-ից սկսված դասադուլներին:

ԿԳ նախարարն ասաց, որ դասադուլները, ցավոք, ուղեկցվում են վիրավորանքներով ու սադրանքներով, որոնք նաեւ վիրտուալ տարածքում են հետո արտահայտվում: Նախարարը մեղադրանքներ հնչեցրեց նաեւ որոշ լրատվամիջոցների լուսաբանումների առիթով, որոնք, ըստ նրա, անաչառ չեն ու շատ դեպքերում հանդիսանում են սադրանքի աղբյուր: Հիշեցնենք, որ դասադուլի կոչերով հանդես էին եկել քաղաքացիական ակտիվիստները: Ինչեւէ,  ըստ նրա, «մի խումբ ակտիվիստների անհասկանալի քաղաքական նպատակների համար կազմակերպվող դասադուլի փորձերը տապալվել են»:

Նկատի ունենալով դասադուլի կոչ անող ակտիվիստներին՝ Աշոտյանը հայտարարեց. «Այդ մարդկանց իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուսների իրավունքները: Եթե իրենք մեկ-երկու բառ ավելի անգլերեն գիտեն, քան իրենց կարծիքը չկիսող ջավախահայ կամ լոռեցի ուսանողները, դա չի նշանակում, որ իրենք  վերին արտի ուսանողներ են:  Կամ, եթե ինչ-որ դեսպանատների խոտածածկ կանաչ տարածքներում ֆուրշետների են մասնակցում,  դա չի նշանակում, որ դա իրավունք է տալիս նայել մյուս հայ ուսանողին վերեւից: Հայ ուսանողը ցույց է տալիս, որ իր արժանապատվությունը վեր է  ցանկացածի քաղաքական հայացքներից»:

Արմեն Աշոտյանն ասում է, որ «ուսանողների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական կամքից, գերադասում են իրացնել իրենց կրթության իրավունքը» եւ նկատում, որ այդ գործընթացում ներգրավված են հասարակական ակտիվիստներ, որոնք վաղուց են ավարտել բուհերը: Պատահական չհամարելով ապակողմնորոշող տեղեկատվություն մատուցող լրատվամիջոցների եւ վերջիններիս կապող շղթան՝ Արմեն Աշոտյանը կոչ արեց ուսանողներին` իրենց «կրթության իրավունքը ոտնձգություններից պահելու պայքարում զերծ մնալ վիրավորանքներից, ուսանողին ոչ բնորոշ պահվածքից եւ օրենքների խախտումից ու սադրանքներին տրվելուց», այլապես «մենք կունենանք բեւեռացում եւ բախում»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե դասադուլին ընդդիմացողները միայն ուսխորհուրդների ՀՀԿ-ական անդամներն են, Արմեն Աշոտյանն ասաց, որ շատ ուրախ կլիներ, եթե դասադուլին  չմիացող բոլոր ուսանողները ՀՀԿ-ական լինեին` «Դա կնշանակեր, որ հանրապետության  իննսունինը հազար ինը հարյուր ուսանողները ՀՀԿ-ական են: Դա լուրջ պոտենցիալ է»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ բազմաթիվ նամակներ է ստանում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ուսանողներից, անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված ուսանողներից ` դասադուլի փորձերը կանխելու խնդրանքով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տեղին է մեջբերել ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆԻ ՆԱՄԱԿԸ ԻՇԽԱՆ ԼԻԽՆՈՎՍԿՈՒՆ
    Իշխա՛ն։ Նրանով, ինչ կաք, պարտական եք այն պատահականությանը, որ ծնվել եք։ Նրանով, ինչ ես կամ, պարտական եմ ինքս ինձ։ Իշխաններ եղել և կլինեն հազարներով, իսկ Բեթհովենը միայն մե՛կն է։
    Բեթովեններն ու նրա նմանները հողի ծնունդ են, մտքի սնյալներ. նրանք առանց դասի ու ՀՀԿ-ի լինելու են, իսկ հազարները Աշոտյանի հետ միասին մոռացյալ անցողիկ են;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728