Yerkir.am. Երեկ երեկոյան Փարիզի Ազգային Ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Մանրամասներին տեղեկանալու նպատակով կապ հաստատեցինք ՀՅԴ Փարիզի Հայ Դատի գրասենյակի ատենապետ Հրաչ Վարժապետյանի հետ:
Վարժապետյանի խոսքով՝ Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպել էր Սումգայիթյան դեպքերի 25-ամյակին նվիրված գրքի շնորհանդես: Այդ ընթացքում էլ հայ համայնքի ներկայացուցիչները ֆրանսիացի պատգամավորներին են փոխանցել 2 պատգամ: Նախ նրանք շեշտել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե միջազգայնորեն ճանաչվի Լեռնային Ղարաբաղի հանրապետություն լինելու փաստը եւ կոչ են արել ֆրանսիացիներին առաջին քայլն անել: Հայ համայնքը նաեւ հորդորել Փարիզին՝ սատարել իրենց եւ ԼՂՀ ժողովրդին ցանկացած խնդրի դեպքում:
Հրաչ Վարժապետյանը հայտնեց, որ դրանից հետո գրքի շնորհանդեսի մասնակիցներին մեկ րոպե լռությամբ կոչ է արվել հոտնկայս հարգել Սունգայիթյան զոհերի հիշատակը, որի ժամանակ էլ աչքի են ընկել 2 անկոչ հյուրեր:
«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր եւ Հայ դատի բարեկամ Ֆրանսուա Ռոշեբլոուն ուղղակի գոռաց դահլիճի մեջ, որ ոտքի կանգնեցեք, սա ուղղակի անարգանք է զոհերի հիշատակին: Սակայն դա բան չփոխեց: Ավելին, այդ երկուսը հայհոյախառն ելույթներ ունեցան: Ես անձամբ մոտեցա եւ պահանջեցի այս 2 անկոչ հյուրերից հարգանք զոհերի հիշատակին, պահանջեցի նաեւ լինել զուսպ ու լուռ: Շարունակեցին արտահայտություններ անել եւ անգամ փորձեցին ձեռք բարձրացնել ինձ վրա, եւ հենց այդ պատճառով էլ բոլորը հարձակվեցին եւ քաշքշելով դուրս տարան նրանց»,-հայտնեց Վարժապետյանը:
Կարդացեք նաև
ՀՅԴ Փարիզի Հայ Դատի գրասենյակի ղեկավարը կարծում է, որ սա սադրանք էր եւ նախապես կազմակերպված՝ ադրբեջանական իշխանությունների կողմից, քանի որ միջադեպից ընդամենը 5 րոպե անց Ազգային Ժողով ժամանեց Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը, եւ դեսպանատան 10 աշխատակիցները եկան իրենց անհիմն բողոքը հայտնելու եւ դիվանագիտական հարց բարձրացնելու:
«ՀՅԴ Փարիզի Հայ Դատի գրասենյակն իր բողոքն է հայտնել թե՛ ոստիկանությանը, թե՛ դատական մարմիններին եւ թե՛ իշխանություններին՝ պահանջելով դատապարտել միջադեպի մեղավորներին: Մեր իրավունքները խախտվել են, անընդունելի եւ անօրնական է, երբ անկոչ հյուրերը գաղտնի կերպով հայտնվում են մեր միջոցառմանը: Մենք արդեն դատական հայց ենք ներկայացրել»- ասաց Վարժապետյանը:
Իսկ թե ինչի հասան ադրբեջանցիներն իրենց այդ քայլով, Վարժապետյանը ներկայացրերց մեկ նախադասությամբ. «Եկան 2 հոգով պրովոկացիա անելու, վերադարձան շտապ օգնության մեքենայով»: