Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի մի շարք գյուղերում գազը միայն սուրճ եփելու համար է

Փետրվար 27,2013 18:38

Հատկապես գազի թանկացումից հետո մարզի գյուղական համայնքներում խուսափում են այն օգտագործել:

 Թեեւ Խորհրդային ժամանակների հետ համեմատած Լոռու մարզում գազի սպառողների թիվը ավելացել է` 42 220 բաժանորդից դառնալով 62 347 բաժանորդ, այնուամենայնիվ, մարզի գյուղական համայնքներում, հատկապես գազի թանկացումից հետո, բնակիչները գազը  միայն սուրճ եփելու համար են օգտագործում:

Այդ մասին այսօր այս տարվա առաջին մարզխորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

«2013 թվականի հունվարի մեկի դրությամբ Լոռու մարզի 113 համայնքներից գազաֆիկացված է 85-ը: 2012 թվականից բաժանորդների թվաքանակը աճել է 1000-ով: Խորհրդային տարիների հետ համեմատած` Լոռու մարզի գազ սպառնողների թիվը ավելացել է մոտ 20.000 բաժանորդով»:

Չնայած սրան` մարզպետը նաեւ անդրադարձավ գյուղական համայնքներում գազի սպառման նվազման խնդրին:

«Հատկապես գյուղական համայնքներում գազաֆիկացման հետ կապված ծրագրերը իրականացվում են  «ԻՖԱԴ» կազմակերպության կողմից, եւ վերջին մի քանի ամիսներին կատարված լուրջ ուսումնասիրություններից պարզվեց, որ որոշ ծրագրեր ոչ նպատակային են, ոչ թե այն առումով, որ շինարարությունը որակով չի արվել, այլ կան համայնքներ, որտեղ ուղղակի ընդհանրապես բաժանորդներ չկան: Եթե նախկինում գյուղական համայնքներում խոստանում էին, որ մինիմում 70 տոկոս բաժանորդներ կունենան, ապա այժմ այն  բաժանորդները, որոնք կազմում են համայնքի բնակչության  10-15  տոկոսը, ընդհանրապես գազի ծախս չունեն, գազը գյուղական համայնքներում, հատկապես թանկացումից հետո, միայն սուրճ եփելու համար են օգտագործում: Այդ պատճառով էլ «ԻՖԱԴ»-ը պետք է վերանայի իր բոլոր ծրագրերը, եւ նախապես այն համայնքներում, որտեղ պետք է իրականացնի ծրագիր, պետք է համայնքի ղեկավարի, ավագանու կողմից որոշում կայացվի, թե գյուղի քանի տոկոսն է գազաֆիկացվելու»,-տեղեկացրեց մարզպետը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728