Տուրգենեւի պիեսը հայ բեմում առաջին անգամն է
Երեկ Մոսկվայի Տանը տեղի ունեցավ մեծանուն ռուս դրամատուրգ Տուրգենեւի «Մի ամիս գյուղում» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացման պրեմիերան: Ռեժիսորն էր Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Ներկայացումը անհույս սիրո մասին է, որ համակել է երկու գլխավոր հերոսուհիներին: Երկուսն էլ սիրում են երեխայի դաստիարակության համար իրենց տուն հրավիրված ուսուցչին: Կանանցից մեկը հենց երեխայի մայրն է, երկրորդը՝ վերջինիս տան տիրուհու 17-ամյա հոգեզավակը: Ուսուցիչը ոչ մեկի վրա էլ ուշադրություն չի դարձնում: Նրան միայն տան տիրուհու փողերն են հետաքրքիր ու մի պահ ձևացնում է, թե ինքն էլ է սիրում: Բայց հասկանալով, որ կարող է ընտանիքի քայքայման պատճառ դառնալ, տղան լքում է գյուղը: Լքում է նաեւ աղջնակը, ամուսնանում իրենից տարիքով, բավականին մեծ այլ տղամարդու հետ:
Ներկայացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանը, երգչուհի Սյուզան Մարգարյանը եւ ուրիշներ:
Մշակույթի նախարարը տպավորված էր բեմադրությամբ: «Ես իմ ծանոթներին եւս խորհուրդ կտամ, որ անպայման նայեն այս ներկայացումը: Կարծում եմ՝ ռուս միջավայրն ու կոլորիտը ցուցադրելու պակաս կար մեզ մոտ, ինչն այս ներկայացումը պարունակում էր իր մեջ»,-Aravot.am-ին ասաց նա:
Կարդացեք նաև
Դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին, ով իր դերը կատարյալ խաղաց, ներկայացման ավարտին նրա ծանոթներից մեկը ասաց, որ դերասանուհու տեղը ռուս դրամատիկ թատրոնն է, ինչը վրդովեցրեց նրան.«Ես Սունդուկյանում եւս ունեմ այնպիսի դերեր, որոնց միջոցով ինձ դրսեւորում եմ: Ուղղակի այս դերն ինձ դուր եկավ, միանգամից համաձայնեցի ու խաղացի»:
Ներկայացման ռեժիսոր Վահե Շահվերդյանը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ էր ներկայացման ողջ ընթացքից.«Միայն թե երկրորդ գործողության մեջ որոշակի թերություններ նկատեցի»: Իսկ Aravot.am-ի այն հարցին ի պատասխան, թե հե՞շտ էր տարբեր թատրոնի դերասանների հետ աշխատանքը, պատասխանեց. «Բավական հեշտ էր ու հաճելի, այս սուղ պայմաններում՝ դեկորացիայի պակաս, փոքրիկ բեմ, լուսային էֆեկտների սակավություն, միասին փորձել ենք անել առավելագույնը, ցույց տալ հիմնականը՝ ծաղիկները սեր են, բայց մարդիկ տրորում են դրանք»:
Ներկայացման ողջ ընթացքում բեմի ամբողջ երկայնքով ծաղիկներ էին թափված, եւ դերասանները քայլում էին հենց այդ ծաղիկների վրայով:
Սեւակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ