Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահն ու վարչապետը՝ ՀԱԿ պատգամավորի դեմ

Փետրվար 27,2013 18:01

«Մենք չենք կարող թույլ տալ եւ հանդուրժել, որպեսզի քրեատարր էլեմենտները խոչընդոտեն մարդկանց կողմից կազմակերպվող հավաքները, միտինգները», այսօր խորհրդարանում պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նախագահ Սարգսյանին ուղղված Սերժ Թանկյանի այն պնդումը, որ սա պետություն է եւ վկայակոչեց երեկ Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ գրանցված միջադեպը, երբ որոշ մարդիկ փորձել էին նկարահանել հանրահավաքի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանը, ի գիտություն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, նկատեց, որ Արտաշատը կարծես թե դառնում է քաղաքական իրադարձությունների կիզակետ՝ նկատի ունենալով նույն իրադարձությունները:

Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների համանման հարցին, Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ այն տեսանյութում, որն ինքը դիտել է լրատվական կայքերից մեկում, շատ պարզ երեւում է, թե ովքեր են սադրիչները:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հարց հնչեցրեց այն մասին, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Պետրոսյանը մարզպետարանի պաշտոնական կայքէջում տվյալներ է հրապարակել ընտրությունների արդյունքների մասին եւ շնորհակալություն հայտնել իր այն աշխատակիցներին, ովքեր կարողացել են լավ արդյունք ապահովել Սերժ Սարգսյանի համար: Փաշինյանը հետաքրքրվում էր՝ եթե Հայաստանը պետություն է, որեւէ մեկը պատասխանատվություն պիտի՞ կրի սրա համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը պատասխանեց Նիկոլի հարցին, պարզվեց՝ տեղյակ չէր մարզպետի այդօրինակ գործունեությունից, ասաց, որ կճշտեն եւ համապատասխան միջոցներ ձեռք կառնեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ վարչապետը գովեց պետական մարմիններին, այդ թվում՝ նաեւ ոստիկանության աչալուրջ աշխատանքը անցած ընտրությունների ժամանակ եւ հետընտրական այս գործընթացներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728