Փետրվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի և խորհրդարանի անդամների հետ:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը Երևան կազմակերպելու մասին։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Այդ ենթատեքստում հանդիպմանը ներկա, հայաստանյան ընտրություններին որպես դիտորդ մասնակցած ավստրիացի պատգամավորները նշեցին, որ ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:
Ավստրիացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Կարդացեք նաև
Զրուցակիցները անդրադարձան նաև Հայաստան – Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության և երկրում բարեփոխումների մասին հարցազրույց տվեց «Ավստրիական լրատվական գործակալությանը»։
Փետրվարի 27-ին նախատեսված է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, ինչպես նաև ելույթը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք 5-րդ համաշխարհային ֆորումին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ