Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էլ այսօր դասադուլի կոչ անող երիտասարդներին չընդունեցին: Ռեկտորի օգնական Գուրգեն Բավեյանի եւ ուսխորհրդի նախագահ Լեւոն Այվազյանի գլխավորությամբ մի քանի ուսանողներ ասացին, որ չեն ցանկանում դասադուլավորներին թույլ տալ խանգարել իրենց մասնագիտական դասերը:
«Ես դուրս եմ եկել` տեսնելու` ինչ են պահանջում: Չէ, մենք չենք ուզում միանալ նրանց: Ուսանողների մեծամասնությունը, որ այս պահին դասի է, չեն ցանկանում միանալ»,- ասաց ռեկտորի օգնականը:
Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասադուլավորներին դիմավորող չեղավ: Ակտիվիստները համալսարանի դիմացի մայթում միայն ներկայացրին իրենց պահանջը` բոյկոտել նախագահական ընտրությունների արդյունքները:
«Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության անդամ Նարեկ Սամսոնյանն էլ իրենց միության հայտարարությունն ու առաջարկները գրավոր ներկայացրեց ակտիվիստներին. «Առաջարկում ենք ցանկացած գործողություն անել կոնսենսուսի միջոցով… դասադուլի կազմակերպիչները նախ պետք է հստակեցվեն եւ նոր անցնեն կոնկրետ գործողությունների, որ որեւէ վնաս չլինի ոչ մեր ապագային, ոչ էլ այն բոլոր ուսանողներին, որոնք ոչ ուսանողի կոչով դուրս են գալու եւ վերջում տուժեն»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ակտիվիստներին զգուշացրեց` ոչ մեկ իրավունք չունի խոսել ողջ ուսանողության անունից. «Բայց մենք նաեւ դատապարտում ենք բոլոր տեսակի բռնություններն ուսանողների նկատմամբ»:
Լեզվաբանական համալսարանից դասադուլավորները կոչերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Ակտիվիստ Դ. Իոանիսյանը հայտարարեց, որ այնտեղ իրենց են սպասում առնվազն բժշկական քոլեջի ուսանողներ: Իսկ Ազատության հրապարակում նշված քոլեջից միայն մի քանի ուսանող էին միացել, այն էլ ինչպես իրենք ասացին` դասերն ավարտելուց հետո:
Ի դեպ, այսօրվա ակցիային դասադուլավորները քչացել էին նախորդ օրերի համեմատ: Իսկ նրանց մեջ հիմնականում բնապահպան-ակտիվիստներն էին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ