Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն NEWS.am-ի խնդրանքով անդրադարձել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանի` Սերժ Սարգսյանին ուղղված երկրորդ նամակին:
Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ծանոթացե՞լ է եւ պատասխանելո՞ւ է Թանգյանի երկրորդ նամակին, Արզումանյանը պատասխանել է.
«Այո՛, նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Սերժ Թանգյանի երկրորդ նամակին: Ինչպես արդեն իր պատասխանում նշել էր Հանրապետության ղեկավարը, ինքը նույնակարծիք է պարոն Թանգյանի բարձրացրած հարցերի գերակշիռ մեծամասնության հետ, ինչի մասին բազում առիթներով հնարավորություն է ունեցել հրապարակավ արտահայտվելու: Նախագահը համարում է, որ նախընտրական շրջանում ասվել է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ու հիմա արդեն գործելու ժամն է: Ու բոլոր հարցերի պատասխանները պետք է արդեն փոփոխվող իրականությունը տա:
Շնորհակալություն հայտնելով աշխարհահռչակ երգչին ու լավ հային իր ակտիվ կեցվածքի համար՝ նախագահը հույս է հայտնում, որ մոտ ապագայում հնարավորություն կլինի սիրված ռոք խմբի ամբողջական կազմի հայաստանյան մեծ համերգով միասին նոր փուլ սկսենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող համազգային ծրագրում»:
Կարդացեք նաև
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սերժ Թանգյանը նամակ էր հղել ՀՀ նախագահին, որտեղ նշել էր, որ անգամ Սերժ Սարգսյանը վստահ չէ, որ ինքն ընտրվել է: Դրան պատասխան նամակով արձագանքել էր Սերժ Սարգսյանը:
Իսկ արդեն այսօր` փետրվարի 27-ին, Սերժ Թանգյանը երկրորդ նամակն է հղել ՀՀ նախագահին, նշելով, որ նա հստակորեն չի պատասխանել իր հարցերին:- See more at: https://news.am/arm/news/142221.html#sthash.9bQFzAho.dpuf