Վաճառված կաթսայատների տեղում բազմաֆունկցիոնալ շենքեր կկառուցվեն
Մայրաքաղաքի սեփականությունը հանդիսացող անպիտան կաթսայատները, որոնք կորցրել են իրենց տեսքը, անպիտան են, եւ բնակիչներին ու քաղաքի տեսքին նեղություն են տալիս, աստիճանաբար կվաճառվեն: Այսօր այս մասին Երեւանի քաղաքապետարանում բրիֆինգի ժամանակ ասաց զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
Նրա ներկայացմամբ` որպես պիլոտային ծրագիր, արդեն կա պատրաստի 5 փաթեթ, որը վերաբերում է նպատակային նշանակությամբ չօգտագործվող եւ բարեկարգ տեսք չունեցող տարածքներին, այս պահին դրանք գույքագրման փուլում են:
Պարոն Հարությունյանի վստահեցմամբ, ծրագիրը շարունակական է լինելու. «Մենք ուսումնասիրել ենք տեղում տեղադիրը, տրամադրել ենք հատակագիծը, մեր մասնագետների կողմից, ճարտարապետական բլոկի կողմից կազմվել է էսքիզ-առաջարկը եւ պատրաստվել է մրցութային փաթեթ: Սա հնարավորություն կտա փոքր ու միջին բիզնեսի խթանման ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մրցութային կարգով կտրամադրվի մեր երեւանցիներին»:
Կարդացեք նաև
Վարչության պետի խոսքերով` թեեւ էսքիզային առաջարկը քաղաքապետարանն է կազմել, չի բացառվում, որ եթե ներդրողը ցանկանա որեւէ փոփոխություն կատարել, համատեղ քննարկումից հետո, ընդունվի այդ առաջարկը:
Թե ինչ է կառուցվելու այդ հատվածում՝ Aravot.am-ի հարցին, պարոն Հարությունյանն ասաց, որ կարող է բազմաֆունկցիոնալ շենքեր, սակայն կախված՝ թե վաճառվող ու այսպես ասած` «ներդրումային» տարածքը, որ հատվածում է գտնվում, հետագայում, ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքին էլ համապատասխան կառույց կլինի:
Զարգացման եւ ներդրումային մեկ այլ ուշագրավ ծրագրերից է` «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը, որը իրականացվելու է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի եւ Գլոբալ էներգետիկ ֆոնդի հետ համատեղ, եւ ինչպես պարոն Հարությունյանն ասաց` ըստ այս ծրագրի, փորձնական 9 հարկանի պանելային շենք է ընտրվելու, որտեղ էլ նախնական իրականացվելու է ծրագիրը:
Թե այն իրենից ինչ է ներկայացնում եւ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրերի մասին մանրամասներն էլ` տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ