Լրահոս
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյանի կոչը Սերժ Սարգսյանին

Փետրվար 27,2013 16:46
Smbat Ayvazyan

Պարոն Սարգսյան  Ճակատագիրը Ձեզ եզակի հնարավորություն է ընձեռնել:

Ձեզ հնարավորություն է տրվել մանր կլանային, թիմային ու կուսակցական շահերի մեջ բզկտվող պետությունը, ժողովրդից երես թեքած պետությունը դարձնել ժողովրդի պետություն:

Կարծում եմ դուք այնքան  խոհեմություն  կունենաք, որ վեր կկանգնեք անձնական ու կուսակցական  ամբիցիաներից, վեր  կկանգնեք մանր շահերից  ու  կանեք այն քայլերը, որի կարիքը այսօր զգում է երկիրը, զգում է Հայաստանի քաղաքացին:

Դուք  չեք կարող  չտեսնել,   որ  ժողովուրդը    մերժում է այն ընթացքը, այն ուղին,  որը որդեգրել  է  իշխանական վերնախավը:

Չեք կարող չտեսնել, որ երկրում ոտնահարված են  քաղաքացու շահերը, իրավունքները, անվտանգությունը:

Չեք կարող չտեսնել որ ժողովուրդը իր բողոքը հայտնում է երկրից հեռանալով:

 

Դուք այդ ամենը շատ լավ գիտեք: Եթե չիմանայիք, Վարդենիսի, Ապարանի և Աշտարակի ելույթներով չէիք դիմի ժողովրդին ու չէիք բարձրաձայնի այն,  ինչը Ձեզ սատարող ուժերի համար հավասարազոր էր մահվան դատավճռի:

Դուք գիտեք, թե ինչ լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև է կանգնած մեր երկիրը և համոզված եմ, շատ լավ հասկանում եք, որ դրանք հնարավոր է հաղթահարել միմիայն համաժողովրդական միասնության հասնելով, միմիայն վստահության դաշտ ձևավորելով:

Իսկ ինչպես պետք է ձևավորել այդ վստահության դաշտը:

Վստահության դաշտի ձևավորման համար,  դուք պետք է սկսեք իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, հրաժարվելով այն ուժերի ծառայությունից,  որոնք Ձեր խոսքերով  “ամեն ինչ արել են, որ Հայաստանը դառնա պղտոր ՃահիՃ”: Անկախ նրանից, դրանք կուսակցական ուժեր են, թե քրեա-օլիգարխիկ: Անկախ նրանից, թե ինչ լոզունգներով են այդ ուժերը հանդես գալիս: Անկախ նրանից, թե ինչքանով են Ձեզ նվիրված և հավատարմության ինչ երդումներ են տալիս:

Այս ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ վարչական, ֆինանսա-քրեա-օլիգարխիկ լծակների օգտագործմամբ, իշխանության վերարտադրության մեխանիզմը գործում է անխափան: Դրա համար էլ անիմաստ է  թվեր հայտարարելը, թվերի վրա կենտրոնանալն ու շեշտադրումներ անելը:

Պետք է շեշտադրումը անել այն բանի վրա, որ Հայաստանի ժողովուրդը մերժում է արդեն մեկ ու կես տասնամյակից  ի վեր հաստատված իրավունքի ոտնահարումը, երկրի թալանը, ատելության և մերժման մթնոլորտը, հասարակության հատվածայնացումն ու  ոգու փոշիացումը:

Պետք է հասկանալ, թե այս քվեարկությամբ ինչն է ընտրել և ինչն է մերժել ժողովուրդը:

Եվ առանց մանր, թիմային ու կուսակցական շահեր հետապնդող ուժերի, հենվելով միմիայն ժողովրդի վրա,  գնալ ժողովրդի ցույց տված ճանապարհով, երկիրը այս “պղտոր ճահճից” հանելու ճանապարհով: Պետք է սկսել երկիրը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացը, քաղաքացու հավատը առ պետություն վերականգնելու գործընթացը:

Դա է պետության և ազգի մասին մտածող, պետական, ազգային գործչի ճանապարհը:

 

  Սմբատ Այվազյան

27 փետրվար  2013թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգարժան Սմբատ Այվազյան, հայտնում եմ ին համաձայնությունն ու համերաշխությունը Ձեր կոչում արտահայտած բոլոր մտքերին: Շատ թերահավատների այն կարող է անիրատեսական թվալ, սակայն ես ևս համամիտ չեմ դրան: Ի տարբերություն իր նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի, որը միշտ պնդել է, թե ինքը որևէ պարագայում հրաժարական չի տա, Սերժ Սարգսյանը գոնե հայտարարել է. /եթե չեմ սխալվում՝ 2007 թ./ Ես հրաժարական կտամ մի դեպքում միայն, եթե զգամ, որ իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Հայաստանի Հանրապետությանը: Համաձայն իր իսկ հայտարարության, ըստ իս, նա պետք է հրաժարվեր պաշտոնավարումից դեռևս 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, սակայն նա չարեց դա գուցե մի շարք պատճառներով, միգուցե և պատրվակներով, սակայն այսօրվա հրամայականին հակադրվելը, պարզապես դավաճանություն կլինի սեփական ժողովրդի նկատմամբ:
    Համոզված եմ, պատմության մեջ անհատները մտնում են ոչ թե կառավարման տարիների քանակով կամ կուտակած նյութական բարիքների պայմանական միավորներով, այլ վճռորոշ պահին կատարած քայլի խորությամբ և իմաստնությամբ:
    Եկել է պատմական պահը որոշում կայացնելու. խրոխտ քայլում ենք առա՞ջ, թե մնում այս գարշահոտ ճահճում…

  2. Maxim says:

    Հարգելի Սմբատ Այվազյան: Գուցե պարզ ասեք,՝ հեռացիր չարագործ, հեռացիր: Տեսնում եք մարդը
    ակնարկներ չի հասկանում:

  3. dyadyur says:

    Կոչը տեղին է,սակայն այն պիտի արվեր մեկ այլ`ավելի հեղինակավոր անձի միջոցով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728