Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. Այս միտինգներն ու ցույցերը անպատասխան չեն մնա, իշխանությունը զիջումների կգնա

Փետրվար 27,2013 16:45

Ըստ Սամվել Խուդոյանի՝ «Ոմանք կարծում են, որ շուտով լարվածությունը կթուլանա, բայց նախագահական ընտրություններում Րաֆֆիի հավաքած ձայներն ինձ այլ բան են հուշում»:

Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ և հոգեբան Սամվել Խուդոյանը, որը փորձեց պարզաբանել ստեղծված հետընտրական իրավիճակը՝ հոգեբանական տեսանկյունից: Պարոն Խուդոյանը կարծում է, որ համեմատած նախորդ նախագահական ընտրություններին՝ իրավիճակը համեմատաբար ավելի մեղմ է և լարվածությունը թույլ, սակայն հոգեբանի կարծիքով դա կախված է լիդերների վերաբերմունքից: Նա համոզված է, որ եթե ցանկանան սրել իրավիճակը՝ բավական է մի փոքր լարվածություն մտցնել. «Մարտի մեկի դեպքերից հետո այսօր զգոնությունն ավելի մեծ է իշխանությունների կողմից»:

Հոգեբանի խոսքերով այս միտինգներն ու ցույցերը անպատասխան չեն մնա, իշխանությունը զիջումների կգնա. «Սա նոր ծնված դժգոհություն չէ, կրքերը վաղուց էին բորբոքված, ուղղակի ժողովուրդն այլևս ձայնը կտրած չի ուզում ապրել»:

Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վարած քաղաքականությունը շատ ճիշտ է: Րաֆֆին շրջում է մարզերով՝ քաջ գիտակցելով, որ իր ուժը ժողովրդի մեջ է. «Ոմանք կարծում են, որ շուտով լարվածությունը կթուլանա, բայց նախագահական ընտրություններում Րաֆֆիի հավաքած ձայներն ինձ այլ բան են հուշում»:

Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի պարոն Խուդոյանը դասադուլների մասին՝ նա պատասխանեց, որ իր կարծիքով ուսանողներին ավելի շատ գրավում է դասի չնստելու գաղափարը, քան ուսանողական շարժում ստեղծելը. «Իրականում ուսանողությունը շատ մեծ ուժ և պոտենցիալ ունի: Չեմ հասկանում դասադուլների իմաստը, եթե կարելի է հավաքվել դասերից հետո և որպես ուսանողական շարժում արտահայտել իրենց բողոքը»: Հոգեբանը նշում է, որ ուսումնասիրելով երիտասարդների վարքը՝ ինքը եկել է այն համոզմունքին, որ ուսանողական շարժման մեջ լրջություն չկա:

Հարցին, թե արդյոք այս միտինգներն ու բողոքները կունենա՞ն ինչ-որ արդյունք, պարոն Խուդոյանը պատասխանեց, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ Րաֆֆին այսքան ձայն կհավաքի, դժգոհությունն ահռելի է և իշխանությունը հասկանում է սա. «Կարծում եմ շատ բան կփոխվի՝ ընդհուպ մինչև պառլամենտի ցրում»: Պարոն Խուդոյանը նաև հավելեց, որ զինվորական հարձակումներն ինքը բացառում է, քանի որ երևում է, որ Րաֆֆին ամեն ինչ անում է խնդիրը խաղաղ լուծելու համար և բացի այդ՝ իշխանություններն էլ հասկանում են հարցի լրջությունը:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ,որ այս շարժումը 1988-ի շարժումից շատ ավելի մեծ ու շատ ավելի հեռուն է գնալու: Ես ՀԱՄՈԶՎԱԾ եմ, որ մոտ ապագայում ԱՌՆՎԱԶՆ նոր խորհրդանական ընտրություններ են լինելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728