Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Պլանտը Led Zeppelin-ի վերամիավորում է ակնարկում

Փետրվար 27,2013 16:42

Led Zeppelin-ի լեգենդար երգիչ Ռոբերտ Պլանտն ասել է, որ պատրաստ է հաջորդ տարի խմբի վերամիավորման համար, քանի որ ոչ մի նախագիծ չունի 2014-ին իրականացնելու:

Խոսելով ավստրալական 60 Minutes հեռուստատեսային հաղորդման ժամանակ, նա ասել է, թե սպասում է կիթառահար Ջիմի Փեյջին ու բաս-կիթառահար Ջոն Փոլ Ջոնսին՝ վերամիավորումն իրականացնելու համար: Նշել է, որ վերջիններիս լռությունն այս հարցի վերաբերյալ կապված է այն հանգամանքի հետ, որ երկուսն էլ, ըստ համաստեղության նշանի, Այծեղջյուներ են: Մասնավորապես՝ Պլանտն ասել է. ՙՆրանք ոչ մի խոսք չեն ասում: Նրանք բավականին փակված են սեփական աշխարհներում, եւ դա ինձ վրա են թողնում: Ես վատ տղան չեմ… Դուք պետք է խոսեք Այծեղջյուրների հետ: Ես անելիք չունեմ 2014-ին՚: Սա էական փոփոխություն էր Led Zeppelin-ը վերամիավորելու հարցում Ռոբերտ Պլանտի մոտեցման մեջ, քանի որ այն բանից հետո, երբ 2007-ին խումբը վերամիավորվեց՝ ընդամենը մեկ համերգ նվագելու համար լոնդոնյան O2 մարզադաշտում, հենց Պլանտն էր, որ ցրեց երկրպագուների բոլոր հույսերը՝ դրան հաջորդող համերգային շրջագայության վերաբերյալ:

2007-ի դեկտեմբերի 10-ին Led Zeppelin-ը վերամիավորվեց՝ բացառիկ բարեգործական համերգ տալու համար Լոնդոնի O2 մարզադաշտում: Այդ համերգը մտավ պատմության մեջ՝ որպես ամենասպասված համերգներից մեկը եւ գրանցվեց 2009-ի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ՙտոմսերի ամենաբարձր պահանջարկ մեկ երաժշտական համերգի համար՚:

Երբ հայտնի էր դարձել, որ Led Zeppelin-ի ողջ մնացած անդամներ Ռոբերտ Պլանտը, Ջիմի Փեյջն ու Ջոն Փոլ Ջոնսը կվերամիավորվեն եզակի համերգի համար, իսկ հարվածային գործիքների առջեւ 1980-ին մահացած Ջոն Բոնեմի տեղը կզբաղեցնի նրա որդին՝ Ջեյսոն Բոնեմը, մոտավորապես 20000 տեղերի համար ինտերնետի միջոցով ավելի քան 20 միլիոն հայտ էր ներկայացվել: Տոմսերը որոշվել էր բաշխել վիճակահանության միջոցով: Համերգի պաշտոնական կայքը չէր դիմացել նման ծանրաբեռնվածությանը եւ արդյունքում որոշ ժամանակով շարքից դուրս էր եկել:

O2-ի համերգը չափազանց լավ էր ընդունվել թե երկրպագուների եւ թե քննադատների կողմից: Խմբի երկրպագուները եւ ուղղակի երաժշտասերներն ամբողջ աշխարհում հույս ունեին, որ այդ համերգին կհետեւի համերգային շրջագայություն: Այս հույսերը հաստատել էին նաեւ Փեյջի ու Ջոնսի տված հարցազրույցները, որոնցում նրանք ասում էին, որ կողմ են նման մտքին: Սակայն բոլոր սպասումներն ու հույսերը կոտրեց Ռոբերտ Պլանտը, որն այդ ժամանակ զբաղված էր Էլիսոն Կրաուսի հետ շրջագայելով: Պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. ՙՀակառակ վերջերս շրջանառվող լուրերի, Ռոբերտ Պլանտը չի շրջագայելու կամ ձայնագրվելու Led Zeppelin-ի հետ: Բոլոր նրանք, ովքեր նմանատիպ միջոցառումների տոմսեր ձեռք կբերեն, ձեռք կբերեն կեղծ տոմսեր: Տխրեցուցիչ ու տարօրինակ է, որ այս պատմությունը շարունակվում է, չնայած նրան, որ շրջապատող բոլոր երաժիշտները պատրաստ են շարունակել սեփական նախագծերը եւ առաջ շարժվել: Ես մաղթում եմ Ջիմի Փեյջին, Ջոն Փոլ Ջոնսին ու Ջեյսոն Բոնեմին հաջողություն ապագա նախագծերում՚:

Ինչպես հետագայում հայտնի դարձավ, Led Zeppelin-ը պատրաստ էր առանց Ռոբերտ Պլանտի շրջագայություն սկսելուն: 2010-ին MusicRadar-ին տված իր հարցազրույցում Ջեյսոն Բոնեմն ասել էր. ՙՓեյջն ու Ջոնսը պատրաստ էին չհամաձայնել Պլանտի որոշմանը՝ չշարունակել համագործակցությունը՚: Բոնեմը նաեւ ակնարկել էր, որ կար հնարավորություն, որ ուրիշ վոկալիստ զբաղեցներ Պլանտի տեղը. ՙՄի ուրիշ ներգրավված անձ կար. սա ամենն է, ինչ կարող եմ ասել՚: Լուրեր կային, թե այդ անձնավորությունը Aerosmith-ի Սթիվեն Թայլերն էր:

1980-ին Led Zeppelin-ի հարվածահար Ջոն Բոնեմի անսպասելի վախճանից հետո, խմբի մնացած անդամները չափազանց դժվար որոշում կայացրեցին չշարունակել գործունեությունը՝ որպես Led Zeppelin՝ առանց Բոնեմի: Խմբի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր. ՙՄենք ցանկանում ենք հայտնի դարձնել, որ մեր սիրելի ընկերոջ կորուստը եւ անբաժանելի ներդաշնակության զգացումը, որ ունենք մենք ու մեր մենեջերը, մեզ հանգեցրել է որոշման, որ մենք այլեւս չէինք կարողանա շարունակել այնպես, ինչպես կայինք՚: Հաղորդագրությունն ուղղակի ստորագրված էր՝ Led Zeppelin:

Դրանից հետո, որպես Led Zeppelin-ի՝ երեք անդամները միասին ելույթ էին ունեցել ընդամենը մի քանի անգամ: Դրանցից առաջինը 1985-ին Live Aid բարեգործական համերգի ժամանակ էր, երբ Պլանտը, Փեյջն ու Ջոնսը կարճ ծրագիր նվագեցին, իսկ հարվածայինների հետեւում էին Թոնի Թոմսոնն ու Ֆիլ Քոլլինզը: Հաջորդ անգամ Led Zeppelin-ի ողջ մնացած անդամները վերամիավորվեցին 1988-ին՝ Atlantic Records-ի 40-րդ հոբելյանին: Այս անգամ հարվածահարի պարտականություններն արդեն ստանձնել էր Ջոն Բոնեմի որդի Ջեյսոնը:

2012-ին O2-ի համերգը վերջապես լույս տեսավ՝ որպես համերգային ալբոմ եւ DVD՝ Celebration Day անվան տակ:

 Հայկական ռոք ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728