Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմությանը տված ձայները պիտի նոր ազդակ հանդիսանան` վերանայելու տարվող տնտեսական քաղաքականությունը». Վ. Սաֆարյան (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 16:36

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այն քաղաքացիները, ովքեր նախագահական ընտրություններում դեմ են արտահայտվել գործող նախագահին, հանրային կյանքում ցանկանում են լուրջ փոփոխություններ տեսնել:

«Դրանք եւ սոցիալ-տնտեսական, եւ բարոյահոգեբանական միջավայրին վերաբերվող փոփոխություններ են: Կարծում եմ` իշխանությունների կողմից սխալ կլինի հաշվի չառնել տվյալ ընտրազանգվածի կարծիքը: Սա պիտի նոր ազդակ հանդիսանա էապես վերանայելու տարվող տնտեսական քաղաքականությունը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը` ընգծելով, որ վերջին քսան տարիների ընթացքում երկրի տնտեսական քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, գրանցվել են:

Aravot.am-ի այն հարցին, թե արդյոք նույն իշխանական համակարգի պայմաններում կլինե՞ն էական տնտեսական բարեփոխումներ, Վ.

Սաֆարյանը պատասխանեց.

«Համոզված եմ, որ կլինեն: Այսօր մեր ընդդիմությունը մեր ժողովրդի այն հատվածն է, որը ձայն է տվել ընդդիմության թեկնածուին: Այդ ձայները հաշվի չառնել չի կարելի: Ամեն երրորդ քաղաքացի այս ընտրությամբ, իր կարծիքը հայտնել է, որ նա դժգոհ է տարվող տնտեսական քաղաքականությունից: Չեմ կարծում, թե արտաքին քաղաքականության հետ կապված որեւէ մեկը մտահոգություն ունի, դժգոհությունը միայն սոցիալական ոլորտի մեջ է, արդարության դեֆիցիտի մեջ է, մենատիրության առկայության մեջ է: ՀՀ կառավարությունն ու նախագահը պիտի քաղաքական կամք դրսեւորեն այս խնդիրները լուծելու եւ ժողովրդի մեջ սոցիալական համերաշխություն հաստատելու համար»:

Մյուս բանախոս` «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով` Հայաստանում տնտեսության հեռանկարային պլանավորումը խիստ «կաղում» է:

«Ես ընդհանրապես հեռանկարային պլանավորում մեր տնտեսության մեջ չեմ տեսնում: Էդ օպերատիվ քայլերը վերածվում են «կարկատանային քաղաքականության», այս կամ այն քայլը ժամանակավոր էֆեկտ է տալիս: Զարգացման առումով` մեր երկրի տնտեսությունը առաջ չի գնում: Մեր հարեւաններից մենք խիստ հետ ենք մնում, նրանք շատ մեծ տեմպով են առաջ գնում, իսկ մերը` կրիայի քայլեր են եւ ավելի շատ տանում են դեպի անկում»:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, խոսելով Զանգեզուրում կառուցվելիք պղնձաձուլարանի եւ քիմիկոմետալուրգիական կոմբինատի ծրագրերի մասին, ասաց.

«Պահանջվելու է մեկուկես միլիարդ դոլար: Մենք արդեն ոչ թե պղնձի խտանյութ կարտահանենք, այլ` մաքուր պղինձ: Քիմիոմետալուրգիական կոմբինատում, Զանգեզուրում կուտակված մեկուկես միլիարդ տոննայից ավել պոչերից կկարողանանք տարեկան 82 միլիոն տոննա հանքանյութ մշակել: Արդյունքում մենք կստանանք 106 հազար տոննա պղինձ»:

Մեր այն հարցին, թե որ փուլում է գտնվում Քաջարանի պղնձի վերամշակման գործարանի ծրագիրը եւ ինչ աղբյուրներ կան տվյալ ծրագրի ֆինանսավորման համար, Վ. Սաֆարյանը պատասխանեց.

«Մենք դա պիտի ներկայացնենք կառավարություն, ես խոսել եմ վարչապետի հետ, նա սպասում է ծրագրի ներկայացմանը: Կարծում եմ` մոտ ժամանակներս մենք ծրագիրը կներկայացնենք քննարկման: Ֆինանսավորման համար երկու ճանապարհ կա` առաջինը` արտաքին վարկերը, երկրորդը ներքին փոխառնություններն են: Ծրագրի ֆինանսավորման համար մեկուկես միլիարդ դոլար է պետք, իսկ տարեկան շահույթը գործարանի շահագործումից հետո կլինի մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728