«Գիրքը օտար լեզվով թարգմանելով՝ մենք ներկայացնում ենք իրական հայ պատմությունը, որը կեղծվում է Ադրբեջանի կողմից»,-այսօր «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» եւ «Բաքու քաղաքի հայության պատմություն» գրքերի շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա պնդմամբ, ադրբեջանական քարոզչամեքենայի ճզմիչ ապարատը փորձում է հայատյաց քաղաքականություն սերմանել բոլոր երկրներում.
«25 տարի է անցել Սումգայիթի ողբերգությունից, այս վերքը երբեք չի կարող փակվել: Շնորհանդեսի օրն ընտրվել է հենց այդ պատճառով: Միջազգային հանրությունը Սումգայիթին չտվեց այն գնահատականը, որը որ պետք է տար: Բոլոր երկրներում մենք բողոքի ալիքներ պետք է բարձրացնենք»:
Նախարարի խոսքով շարունակվում է ցեղասպանությունը՝ մշակութային եղեռնի, քնած զինվորին եւ Թուրքիայում հայ կանանց կացնով սպանելու տեսքով. «Մենք պարտավոր ենք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր դարձել են վահան եւ թույլ չեն տալիս կեղծարարներին կեղծել հազարամյակների մեր պատմությունը եւ պարտավոր ենք ամենուր եւ ամեն տեղ մեր ձայնը բարձրացնել»:
Կարդացեք նաև
Աշխատություններում ներկայացված են Բաքու քաղաքի եւ համանուն նահանգի հայության պատմությունը, մշակույթը, խոշոր ներդրումը քաղաքի ու ողջ նահանգի զարգացման գործում:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր, գրքի հեղինակ Գեւորգ Ստեփանյանի խոսքով գիրքն ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը վաղ ժամանակներից.
«Անգլերեն տարբերակով է գիրքը լույս տեսել նրա համար, որպեսզի այն հասու լինի ոչ միայն հայ ընթերցողներին, այլեւ եվրոպացիներին, որպեսզի հայության պատմությունը ավելի բարձր իմացության հիմքերի վրա դրվի: Գրքի սկզբնաղբյուրներ եղել են հայկական, ռուսական աղբյուրները, որոնք հաստատում են հայերի տեղաբնակ ժողովուրդ լինելը: Գիրքը հայագիտության բնագավառում իր հաստատուն տեղը կգտնի»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ