Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Նալբանդյան. «Իրենց դժգոհությունը ինչ-որ տեղ ընտրության միջոցով արտահայտեցին» (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 16:30

Լոռու մարզպետը անդրադառնում է Վանաձորում եւ Սպիտակում նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի` քիչ թվով քվեներ ստանալու պատճառներին

Այսօր ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստում 2012 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելուց հետո լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել, նշեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Մի քանի օր առաջ ես նույնպես ինտերնետային կայքէջերից ծանոթացա, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել: Բոլորիդ վստահեցնում եմ, որ նման բան չի եղել, ուղղակի կապված բնակչության դժգոհության հետ ՀՀԿ գործադիր մարմինը առաջիկայում քննարկելու է Վանաձորի քաղաքապետի հարցը: Սա է իմ ունեցած ինֆորմացիան: Բայց նորից եմ կրկնում` Վանաձորի քաղաքապետը աշխատանքի մեջ է, Վանաձորի քաղաքապետը երեկ ունեցել է ավագանու նիստ, իսկ մարզխորհրդի նիստին ներկա չէր, որովհետեւ նախապես հայտարարված մրցույթ ունեին»,-տեղեկացրեց Արթուր Նալբանդյանը:

Անդրադառնալով Լոռու մարզի երկու խոշոր քաղաքներում` Վանաձոր եւ Սպիտակ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի քիչ ձայներ ստանալուն, ինչպես նաեւ գնահատելով մարզում հետընտրական զարգացումները, Արթուր Նալբանդյանը նշեց, որ բնականոն աշխատանքային փուլում են:

«Մեր մարզի հետ կապված` մենք բնականոն աշխատանքային փուլում ենք, մարզում որեւէ արտառոց դեպքեր չունենք, համոզված եմ, որ չի լինի, հատկապես կապված Վանաձորի եւ Սպիտակի` մեր թեկնածուի պարտության հետ, որովհետեւ մենք երբեք չենք ձգտել 100 տոկոսանոց արդյունքի եւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի զարգացած երկրներում նույնպես չկա մի թեկնածու, որը 100 տոկոսով ընդունված լինի բնակչության կողմից: Բնական ենք համարում, որ Վանաձորը` որպես մարզկենտրոն, իր լուրջ խնդիրները ունի: Ես չեմ թաքցնում, որ Վանաձորում մեծ է արտագաղթը, մեծ է աղքատության տոկոսը, սոցիալական ծանր վիճակը խոսեց այս պարագայում, եւ բնակչությունը իր ընտրությունը կատարեց: Ինչ-որ տեղ նաեւ Սպիտակում կային նմանատիպ խնդիրներ:

Բնականաբար, իրենց դժգոհությունը ինչ-որ տեղ ընտրության միջոցով արտահայտեցին: Ուղղակի յուրաքանչյուր պարտությունից հետո յուրաքանչյուր պաշտոնյա պետք է սթափվի, պետք է հետեւություն անի, թե ինչ նոր քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ դժգոհությունը ինչ-որ չափով թուլացնենք, սա է մեր աշխատանքը, որ մենք փորձում ենք մեզ համար հասկանալի դարձնել,փորձելու ենք բնակչության հետ մեր կապերը ավելի սերտացնել»,-նշեց մարզպետը:

Մանրամասները`  տեսանյութում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728