Անդրադառնալով սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ կատարվող քայլերին` Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրանում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկության օրերին իր եւ մեր պատվիրակության նախաձեռնած քայլերի արձագանքի մասին: Սեուլի օլիմպիական չեմպիոնի խոսքերով, Թեհրանում աշխարհի 10 ուժեղագույն երկրների ներկայացուցիչներն այդ անհեթեթ առաջարկի դեմ են եւ պատրաստակամ` միավորված ուժերով պայքարել դրա դեմ: «Թեհրանում արդեն ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ պատրաստվել էր մի պլակատ, որտեղ անգամ Ամերիկան եւ Իրանը, որ քաղաքական դաշտում գտնվում են հակառակ բեւեռներում, միասնաբար բողոքում են ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրից հանելու դեմ: Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ սպորտը քաղաքականությունից դուրս է: Հակառակը, այն, հատկապես ըմբշամարտը միավորում է բոլոր երկրներին», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ