Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մահվան ելքով քրեական գործի վարույթը կարճվել է

Փետրվար 27,2013 16:16

Իսկ ԱՊՊԱ-ն նախկին հարսից գումար է պահանջում ամուսնու հոր վթարի համար:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ այսօր  սկսվեց «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հայցի քննությունն ընդդեմ Մարինա Առաքելյանի՝ 3 միլիոն 999.600 ՀՀ դրամի պահանջի մասին:

Մարինա Առաքելյանի անունով ապահովագրված «Ֆոլքսվագեն Ջետտա» ավտոմեքենան վարել է նախկին ամուսնու հայրը՝ Մանվել Ավետիսյանը: 2011թ. սեպտեմբերին Արտաշատ-Երեւան ճանապարհին մեքենան ընկել է ձորը, ուղեւոր Արփիկ Հախվերդյանը մահացել է, իսկ ավտոմեքենայում գտնվող 4 ուղեւորներն էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածներ են ստացել, հայտնվել հիվանդանոցներում:

Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, սակայն այստեղ որպես վկա ոչ միայն չի կանչվել Մարինա Առաքելյանը, ում անունով էր ԱՊՊԱ-ում ապահովագրված ավտոմեքենան, այլ քրեական գործի վարույթը կարճվել է՝ «իրադրության փոփոխման» հիմքով:

Ապահովագրական ընկերության ներկայացուցիչը դատարանում հայտնեց, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրական վկայագրով լիազորված տիրապետողներ են գրանցվել Մարինա Առաքելյանն ու Վարուժան Ավետիսյանը /Վերջինը թողել է ընտանիքը՝ երեխաներով, ամուսնացել եւ մեկնել է հանրապետությունից դուրս-Ռ.Մ./:

Հայցապահանջում ապահովագրական ընկերությունը փաստել էր վարորդի՝ Մանվել Ավետիսյանի այն գործողությունները, որոնք հանգեցրել են պատահարին, բայց նաեւ արձանագրել էր, թե «ապահովադիր» Մարինա Առաքելյանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, «մեքենան վստահելով վկայագրում որպես լիազորված տիրապետող չնշված անձի»:

Մարինա Առաքելյանի ներկայացուցիչը դատարանում առարկեց ապահովագրական ընկերության փաստարկների դեմ, հղում արեց Արարատի մարզում կարճված քրեական գործի փաստական բոլոր հանգամանքներին, հարցնելով, թե որտեղ է գրված, թե Մարինան կրում է պատասխանատվություն, որ այս գործով անգամ նա չի հրավիրվել որպես վկա, բացի այդ, նախաքննության մարմինը չի հետաքրքրվել, թե ինչպես է մեքենան հայտնվել նախկին սկեսրայրի մոտ. «Գուցե գողացվա՞ծ է»:

Ըստ ԱՊՊԱ-ի՝ տուժողի հուղարկավորության ծախսերը հատուցվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված չափով, մինչդեռ դատական ակտ չկա:

Քաղաքացիական, քրեական, վարչական գործ հարուցված չլինելու դեպքում, հայցվորի պնդմամբ, տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերը գնահատվում են 650 000 ՀՀ դրամ, որը հատուցվում է միանվագ կերպով:

Սահմանված գումարը վճարվում է «ապահովագրական հատուցում ստանալու դիմում ներկայացրած այն անձին, ով առաջին անգամ ներկայացրել է տուժողի մահվան վկայականի բնօրինակը»:

Մահվան վկայականն էլ ներկայացրել է Վարուժան Ավետիսյանը:

Ապահովագրական ընկերությունը հատուցում է տվել Վարուժան Ավետիսյանին, որպես…տուժողի: Այդ մասին «ապահովադիրը» տեղյակ չի եղել, չեն ծանուցել անգամ:

Էրեբունի բժշկական կենտրոնի տեղեկանքի հիման վրա էլ մեկ այլ տուժողի՝ Գ. Ավետիսյանին է հատուցվել վնասի դիմաց:

Իսկ ուղեւոր Նազիկ Մելքոնյանի բուժման ծախսերը գնահատվել է 3 միլիոն դրամ, որը վճարվել է հենց բուժկենտրոնին՝ ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական ընկերության այն փաստարկին էլ, թե Մարինա Առաքելյանին ծանուցել են, վերջինի ներկայացուցիչը, երբ խնդրեց ծանուցումների կտրոնները, ապահովագրական ընկերության ներկայացուցիչն  ասաց՝ չեմ տիրապետում դրանց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728