Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի «ողջամիտ առաջարկը» Րաֆֆի Հովհաննիսյանին

Փետրվար 27,2013 15:54

«Իրականության հետ պետք է հաշվի նստել: Եթե իրենք թույլ են տալիս իրենց համարել ընտրված նախագահ`ամեն իչ ասում է: Դա ասում է իրենց զարմանքի մասին, իրենց քաղաքական ոչ ճիշտ պահվածքի մասին: Այսքան երկրի առաջնորդներ շնորհավորել են Սերժ Սարգսյանին`փոխարեն ողջունեն, ժողովրդի մոտ մշակույթ ձեւավորեն, արդար ընտրություններ պետք է անցկացվի, փորձում են միշտ խանգարել, սեւացնել, ինչ-որ տեղ մեր առաջընթացին խաթարել»,- այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա գտնում է, որ Հովհաննիսյանը ճիշտ կանի, որ շնորհավորի Սերժ Սարգսյանին. «Նստի Սերժ Սարգսյանի հետ այդ 539 հազար ընտրողների կողմից առաջարկեր ներկայացնի ողջամիտ: Նույնիսկ պարտադրի, հիմնավորի, ապացուցի, հորդորի, որ լուրջ ռեֆորմներ, լուրջ կադրային քաղաքականություն իրականացնենք: Եթե մտածում ենք մեր երկրի առաջընթացի մասին`ճիշտ ճանապարհը դա է: Կոչ եմ անում նրան այդ ճանապարհն ընտրել»:

Աբրահամյանը Հովհաննիսյանին նաեւ կոչ արեց`մնալ օրենքի դաշտում: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դիտարկմանը, թե երկխոսության փորձ եղել է և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները չեն ընդունվել, այդ դեպքում ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, Աբրահամյանը արձագանքեց, որ խոսքը «ողջամիտ առաջարկների» մասին է: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա ու ասի` եկեք գնանք երկրորդ փուլ, եթե ասում է արի լուծարենք խորհրդարանը, ո՞նց գնան էդ քայլին: Օրինակ, ողջամիտ կարող է համարվել առաջարկը, որ «Ժառանգության» որևէ անդամ կարող է կառավարել որևէ ոլորտ ու մաս կազմել կառավարությանը», – հստակեցրեց ԱԺ նախագահը:

Մեկ այլ հարցի էլ, մասնավորապես, վերահսկողական պաշտոններ զբաղեցնելու առաջարկը Աբրահամյանը ողջամիտ համարո՞ւմ է, նա պատասխանեց, որ ողջամիտ կլինի, ասաց. «Եթե առաջարկեն, կարելի է քննարկել»:

Հովիկ Աբրահամյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ հաստատեց, որ նախօրեին հանդիպում է ունեցել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, բայց զրույցի մանրամասները չհրապարակեց`ասելով, որ որեւէ քաղաքական հարց չի քննարկվել:

Բացառեց նաեւ մամուլում այսօր եղած այն լուրերը, որ Խաչատուր Սուքիասյանը լինելու է ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» կոմպրոմիսային տարբերակը` Երեւանի քաղաքապետի պաշտոնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728