Այսօր մամուլի ասուլիսում լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին խնդրեցին անդրադառնալ երեկ Արտաշատ քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ գրանցված դեպքին: Հիշեցնենք, որ խոչընդոտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անցկացրած հավաքը:
«Հայկական ժամանակ» թերթի լրագրողի դիտարկմանը, որ Արտաշատում տեղի ունեցած դեպքերը կապվում են Հովիկ Աբրահամյանի անվան հետ, քանի որ այդ քաղաքը նրա ազդեցության տակ է գտնվում, Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Բայց ինչո՞ւ միայն Արտաշատը»:
Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ լրագրողներն են հաճախ ուռճացված ներկայացնում իրադարձություները: Ինչ մնում է իր ազդեցությանն էլ՝ ասաց. «Մենք վարչական լծակ չունենք այս վերջին տարիներին, բոլորին հայտնի է. Ճիշտ, չէ՞»:
Նկատեց որ դեռ իր գործկոմի նախագահ, մարզպետ աշխատած և մարզից պատգամավոր եղած տարիներից ժողովուրդն իրեն ընդունել է, հարգել եւ դա իր աշխատած տարիների նկատմամբ վերաբերմունքն է: «Սա է իրական պատկերը, թե չէ այլ`վախեցնել, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը Արտաշատում հայտարարեց`ես ոչ Հովիկից եմ վախենում, ոչ Ջոնիկից, բայց մենք իրեն ե՞րբ ենք վախեցրել, որ ինքը վախենա կամ չվախենա»:
Կարդացեք նաև
Աբրահամյանը կոռեկտութան կոչ արեց. «Պետք չէ դա կապել անձերի հետ, մարդկանց վիրավորել: Իրականության հետ պետք է նստել հաշվի, եթե իրենք թույլ են տալիս իրենց հայտարարել նախագահ, դա ամեն ինչ ասում է, ասում է իրենց զարմանքի մասին, իրենց քաղաքական գծի մասին»,- նշեց նա:
Հովիկ Աբրահամյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են լուսանկարել հավաքին մասնակցած անձանց:
Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Հովիկ Աբրահամյանի եղբայրը ծեծի է ենթարկել Արտաշատի քաղաքապետին և որ Հովիկ Աբարահամյանի որդին աչք ունի Արտաշատի քաղաքապետի աթոռի վրա, ԱԺ նախագահը պատասխանեց, որ ծեծի վերաբերյալ Արտաշատի քաղաքապետն արդեն տվել է մեկնաբանություն: Ինչ վերաբերում է քաղաքապետի աթոռին, ապա` «Որևէ մեկը որևէ աչք չունի, դա հերյուրանք է»:
Աբրահամյանն, իր խոսքով, պատվեր կատարողներին, խորհուրդ տվեց ռեսուրսները սեփական ընտանիքների բարեկեցության համար ծախսել:
Նա նաև հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Կներեք, եթե դա ձեզ դուր չեկավ, ոչինչ, կհամակերպվեք»,- դիմելով հարցը տվող լրագրողին՝ ասաց նա:
Ասաց նաեւ, որ իրեն կառավարությունը ղեկավարելու առաջարկ չի եղել եւ նախորդ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Ազգային ժողովի աշխատանքների հետ կապված հարցեր:
Իսկ կառավարությունում փոփոխություններ կատարելու մասին Աժ նախագահը դեռ վաղ է համարում խոսելը, քանի որ դեռևս առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Թեեւ Էդուարդ Շարմազանովն արդեն հայտարարել է որ Երեւանի ավագանու իրենց թիմը լավ է աշխատել եւ առաջիկա ընտրություններում էլ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել, թե ինչ ցուցակով է կուսակցությունը գնալու ընտրությունների:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ