Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Սումգայիթում սպանվածները մինչ օրս չունեն հատուկ կարգավիճակ» (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 15:21

ԱԺ-ին մինչ օրս չի ընդունել Սումգայիթի ցեղասպանության շուրջ դիրքորոշում արտահայտող որոշում

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը այսօր Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում կազմակերպեց կլոր սեղան-քննարկում` Սումգայիթում ցեղասպանության քսանհինգ ամյակի կապակցությամբ:

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ ցեղասպանության դաժան փորձություններով անցած ժողովրդի մտավորականներն այսօր միջազգային հանրության առաջ ունեն անելիք` ամեն կերպ նպաստել, որ ցեղասպանություն այլեւս աշխարհում չկրկնվի. «Հարց է առաջանում, թե ինչու ցեղասպանությունը կրկնվեց հենց այս տարածաշրջանում: Դա կապել միայն Թուրքիայի մենթալիտետի հետ` սխալ կլինի: Խնդիրը տարածաշրջանն է, որտեղ մշտապես շահերի բախում է տեղի ունենում եւ միշտ էլ շարունակվելու է: Մեր խնդիրն է` լինել միասնական եւ դիմադրել դրան: Հայ ազգի միասնությունը կրկին ցեղասպանություն չտեսնելու գրավականն է»:

Շիրխանյանը հավելեց, որ Ղարաբաղի պաշտպանությունը եւ միջազգային հանրության կողմից անկախության ճանաչումը նույնպես կապված է հայ ազգի միասնությունից, իսկ մտավորականները պետք է ներկայացնեն կատարվածի իրական պատկերը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ ցեղասպանության ճանաչումը ոչ թե միայն արդարության վերականգնման, այլեւ հետագայում ընդհանրապես այն կանխելու հարց է. «Ճանաչումը նաեւ անվտանգությունից է բխում: Թուրքիայում տեղի է ունեցել հայ բնակչության մոտ 60 տոկոսի, այսինքն` ազգի ներուժի բնաջնջում: Եթե 1915թ-ի ցեղասպանությունը ճանաչվեր, մյուսները տեղի չէին ունենա: Բացի այդ, Թուրքիայում ցեղասպանություն էր իրականացվում նաեւ այլ ազգերի հանդեպ, ինչը մինչ օրս էլ շարունակվում է»:

Խոսելով Սումգայիթի ցեղասպանությունից` «Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը փաստեց, որ Սումգայիթում վայրագությունը եւ վայրենությունն այնպիսի ծավալ են ունեցել, որ մինչ այսօր Ադրբեջանի ժողովուրդը չի կարողանում բանաձեւ գտնել` իր դիրքորոշումը հստակեցնե;լու համար. «Սումգայիթում կատարվածը ժամանակակից քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունի: Խնդրին գնահատական չի տվել ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ Հայաստանը` պետական մակարդակով: ԱԺ-ն մինչ օրս չի ընդունել Սումգայիթի ցեղասպանության շուրջ դիրքորոշում արտահայտող որոշում: Դրա ապացույցն է այն հանգամանքը, որ ջարդերի հետեւանքով մահացածները մինչ օրս չունեն հատուկ կարգավիճակ»:

Իսկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով. «Սումգայիթյան դեպքերին Հայաստանը գնահատական է տվել դեռեւս 1988-1990թթ-ին: Ընդհանուր առմամբ` «ցեղասպանություն» բառը պետք է զգուշությամբ օգտագործել: Խոսքը պետք է գնա Ադրբեջանի տարածքում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունից: Ինչ վերաբերում է սումգայիթյան ցեղասպանությանը, այն սկիզբ դրեց ԽՍՀՄ-ում հարաբերությունների սրման, իսկ բռնությունների միջոցով հարց լուծելը դարձավ բնորոշ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728