Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Բաղդադյան. «Հավաքականի կազմը կորոշենք վերջին հավաքի ժամանակ»

Փետրվար 27,2013 15:15

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն Aravot.am-ի հետ զրույցում խոսեց Կիեւում կայացած միջազգային հեղինակավոր մրցաշարին մեր ըմբիշների մասնակցության եւ հավաքականի մոտակա ծրագրերի մասին:

– Այս պահին հավաքականի անդամներն ինչո՞վ են զբաղված:

– Կիեւի միջազգային մրցաշարից վերադառնալով՝ երեք օր հանգստացել են եւ հիմա շաբաթական չորս օր մարզումներ են անցկացնում Երեւանի պետական մարզական քոլեջում: Մարտի 4-ից ուսումնամարզական հավաք ենք անցկացնելու Ֆուտբոլի ակադեմիայում, որի ավարտին` մարտի 17-ին, հավաքականը կմեկնի Թբիլիսի` Եվրոպայի առաջնություն:

 

– Կիեւի մրցաշարը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու կարեւոր փուլ էր: Տղաներն իրենց ինչպե՞ս դրսեւորեցին:

– Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: 84 կգ քաշային կարգում Մուսա Մուրթազալիեւն անցկացրեց հինգ գոտեմարտ եւ հաղթելով բոլորում` դարձավ հաղթող: Երկրորդ տեղ գրավեցին 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանն ու 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Ճիշտ է, նրանք եզրափակչում հավասար պայքարում զիջեցին վերջին վայրկյաններին թույլ տված տակտիկական սխալների պատճառով: Ավելի շատ սպասելիքներ ունեինք 96 կգ քաշային Էդգար Ենոքյանից:

 

– Բայց նա բավականին երկար ժամանակ ապաքինվում էր վնասվածքներից: Որքան հիշում ենք, նաեւ վիրահատություններ էր տարել:

– Այո, ճիշտ եք: Բայց այդ ամենն արդեն ետեւում են, եւ Էդգարը մարզվում է լրիվ ծանրաբեռնվածությամբ: Այդ նկատի ունեմ, երբ ասում եմ` նրանից ավելին էինք սպասում:

 

– Իսկ մյուսնե՞րը:

– Կան ըմբիշներ, որոնցից դժգոհ եմ, մյուսներն էլ մեկ-երկու հաղթանակ տարան: Բայց այնպես չի, որ պարտվել են թույլ մրցակիցների: Կիեւի մրցաշարը բավականին բարձր կարգ ուներ: Մասնակցում էր 17 երկիր եւ յուրաքանչյուր քաշային կարգում մոտ 40 ըմբիշ էր հանդես գալիս: Եվ մի բան էլ. քանի որ Եվրոպայի առաջնությանն ընդամենը մեկ ամիս էր մնացել, ամենեւին էլ պետք չէր, որ տղաները Կիեւում լինեին լավագույն մարզավիճակում: Դա նրանց հարկավոր է լինելու Թբիլիսիում: Եվ սկսվելիք ուսումնամարզական հավաքում հենց դրա վրա էլ աշխատելու ենք: Ասեմ նաեւ, որ մենք Կիեւ մեկնել էինք մրցաշարի մեկնարկից շուտ եւ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրել Ուկրաինայի, Չինաստանի, Ղազախստանի հավաքականների հետ ու նաեւ ստուգողական գոտեմարտեր անցկացրել, ինչը շատ կարեւոր եմ համարում:

– Եվրոպայի առաջնություն ովքե՞ր են մեկնելու: Կողմնորոշվե՞լ եք:

– Հավաքականի կազմը կորոշվի Ֆուտբոլի ակադեմիայում, վերջին հավաքի ժամանակ: Ասեմ, որ բոլորն էլ, ովքեր հրավիրված են լինելու, արժանի են մեկնել Թբիլիսի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728