Միքայել Ոսկանյանն արդեն 17 տարի է՝ զբաղվում է թառ նվագելով: Մինչ երաժշտական գործիքը նվագել սովորելը ժողովրդական երգեր է երգել: «Եկավ մի պահ, որոշեցի նաեւ նվագել, ծնողներիս հետ որոշեցինք, որ պետք է քամանչա նվագեմ, բայց երաժշտական դպրոցում լսեցի թառ եւ միանգամից սիրահարվեցի երաժշտական գործիքին»,- պատմում է Միքայելը: Նա 100-ից ավելի երգերի եւ շուրջ 70 գործիքային ստեղծագործությունների հեղինակ է, հիմնական լսարանը երիտասարդներն են, սակայն տարեցներն էլ են հաճույքով նրան ունկնդրում: Ցանկություններից մեկը երիտասարդ սերնդի մեջ հայկական երաժշտական գործիքի նկատմամբ սեր առաջացնելն է: Նկատում է, որ համերգներից, ձայնագրություններից հետո շատերի մոտ երաժշտության եւ երաժշտական գործիքի նկատմամբ հետաքրքրություն առաջանում է. « Բայց իմ նպատակներից մեկն էլ այն է, որ այնպես անեմ, որ մարդիկ ցանկանան նվագել, ոչ միայն ցանկանան լսել: Ուզում եմ, որ այս գործիքը նորից մասսայականություն ու սեր վայելի,- ասում է նա եւ ավելացնում,- երբեմն հետաքրքրվում են՝ որտե՞ղ կարելի է սովորել նվագել թառ, ասել եմ՝ երաժշտության դպրոցներում ազգային երաժշտական գործիքներ նվագել սովորելն անվճար է»: Միքայել Ոսկանյանի կարծիքով՝ երաժիշտը, բացի երաժշտական գիտելիքներից, պետք է տիրապետի նաեւ տեսական գիտելիքների՝ երաժշտության պատմության, հայկական երաժշտության մասին: Թառ նվագող երաժշտի համար տեսական գիտելիքներն առավել կարեւոր են. այսօր հարեւան ազգերը փորձում են «սեփականացնել» երաժշտական գործիքը, բայց դրանց ի պատասխան Միքայելն ունի փաստարկներ. «Առաջին բանը, որ կարող եմ ասել, թառ մեզ մոտ նվագել են դեռեւս միջնադարում, երբ մեր հարեւան ադրբեջանցիները դեռ չկային, թառ նվագել են նաեւ իրանցիները, բայց նրանցը այլ տեսակ է. պարսակական թառը եւ՛ տեսքով, ե՛ւ հնչողությամբ տարբերվում է մերից: Ու ընդհանրապես բոլոր ժամանակների լավագույն թառ նվագողները հայեր են եղել»,- ասում է նա: Համարում է, որ թառը լավագույնս կարող է ներկայացնել հայաստանյան մշակույթը դրսում, հետաքրքրական է, որ դրսում երաժշտական գործիքով հետաքրքրվողները շատ են, եղել են դեպքեր, երբ արտասահմանցիները ցանկացել են գնել թառ: Միքայել Ոսկանյանը կարծում է. «Ցանկացած երաժշտական գործիք եթե վերաբերմունքի արժանանա հենց տեղում , եւ միջոցներ ձեռնարկվի այն դրսում պատշաճ ներկայացնելու համար, մեծ ճանաչելիության կարող է հասնել»: Ըստ երաժշտի՝ թառը «շատ հայկական» երաժշտական գործիք է, պատրաստվում է հայկական թթենուց, թառից եկող հնչյունները բնությանն են:
Այժմ Միքայել Ոսկանյանը եւ իր հիմնադրած «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» բենդը մասնակցում է երկու մրցույթի՝ Նյու Յորքում կայանալիք «Make in New York Jazz»-ին եւ Օդեսայի՝ «Master –Jam Fest»-ին: Հետաքրքրական է, որ «Make in New York Jazz»-ի կազմակերպիչներն են համացանցում լսել բենդի երաժշտությունը եւ առաջարկել տղաներին մասնակցել մրցույթին: Մրցույթի հաղթողները որոշվելու են օն-լայն քվեարկությամբ, հաղթողները մասնակցելու են Նյու Յորքում կայանալիք Ջազ փառատոնին: Հայ խմբին հաղթանակ ցանկացողները կարող են մասնակցել օն-լայն քվարկությանը հետեւալ հղումանը հետեւելով՝ https://madeinnyjazz.com/miqayel_voskanyan_friends_band/:
Լուսանկարները՝ Միքայել Ոսկանյանի անձնական արխիվից
Հռիփսիմե Հովհաննիսյան