Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարինող կազմով աշխարհում չորրորդ տեղը վատ արդյունք չէ

Փետրվար 27,2013 15:03

Հարցազրույց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ

– Թեհրանում մեր ըմբիշների մասնակցությունից գո՞հ մնացիք:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Այն առումով, որ մեր հավաքականի առաջատարները չէին մասնակցում: Իսկ 2-րդ եւ 3-րդ կազմերով աշխարհի տասը ուժեղագույն երկրների մեջ թիմային 4-րդ տեղ գրավելը վատ չէ: Մանավանդ, որ մյուս երկրները ժամանել էին ուժեղագույն կազմերով: Մենք ընդգրկել էինք այն տղաներին, որոնք նոր օլիմպիական ցիկլում պետք է կարողանան դրսեւորել իրենց, ապացուցեն, որ արժանի են հավաքականի հիմնական կազմում իրենց տեղն ունենալ: Իրանում թերություններ, իհարկե, նկատվեցին: Հիմա եւ սրանից հետո պետք է աշխատենք, որպեսզի օլիմպիական ցիկլի վերջնամասում այդ թերությունները բացառվեն կամ նվազագույնի հասցվեն:

– Անդրադառնանք սպորտային ըմբշամարտի օլիմպիական ճակատագրին: Իրան մեկնելուց առաջ հայտարարել էիք, թե պատրաստվում եք մասնակից ըմբշամարտի տասը գերտերությունների հետ միասին համատեղ հայտարարության կամ նամակի տեքստ պատրաստել եւ ուղարկել ՄՕԿ, ստացվե՞ց:

– Հենց առաջին օրը հրավիրված ժողովի ժամանակ ես այդ հարցը բարձրացրի՝ նշելով, որ ոչ միայն ազգային ֆեդերացիաները, այլեւ աշխարհում ճանաչված ըմբիշները պետք է օրինական ճանապարհներով քայլեր կատարեն: Ընդունեցին բոլորը: Անմիջապես որոշվեց համապատասխան պլակատ հրատարակել՝ «Օլիմպիական խաղերն առանց ըմբշամարտի հնարավոր չէ» կոչով: Ճիշտ է, տեխնիկական պատճառներով այն մեր մրցումների օրերին հնարավոր չեղավ պատրաստել, սակայն մեզանից հետո՝ ազատ ոճի ըմբիշների Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, այն արդեն պատրաստ էր: Լուսանկարն էլ, որքան գիտեմ, տեղադրված է համացանցում. բոլոր երկրների ըմբիշները միասին այն պահել են գլխավերեւում: Եվ կարեւորը գիտե՞ք որն է: Այն, որ սպորտը ոչ միայն իսկապես դուրս է քաղաքականությունից, այլեւ միավորում է քաղաքական դաշտի հակառակ բեւեռներում գտնվող երկրներին ու մարդկանց: Այդ պլակատը միավորել է անգամ ամերիկացի եւ իրանցի ըմբիշներին:

– Ձեռնարկվող քայլերն ու ակցիաները ցանկալի օգուտ կտա՞ն:

– Վստահ եմ՝ անպայման: Օրինակ, Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը, նախկին ըմբիշ, արդեն հրաժարվել է իր օլիմպիական մեդալից՝ այն ուղարկելով ՄՕԿ: Իսկ մեր օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը հայտարարել է, թե ըմբշամարտն օլիմպիական խաղերից հանելու դեպքում հացադուլ կհայտարարի: ՄՕԿ-ի համաժողովը չի կարող անտեսել այս եւ մնացած բոլոր լուրջ ակցիաները:

– Ադրբեջանը, որ Ռաֆայել Մարտինետիի օրոք ՖԻԼԱ-ի գլխավոր հովանավորն է եղել, նրա հեռացվելուց հետո իրեն ինչպե՞ս էր զգում:

– Արտառոց ոչինչ չեմ նկատել: Ինձ չէր էլ հետաքրքրում: Ես զբաղված էի մեր տղաներով: Միայն մի բան կարող եմ ասել. ադրբեջանցիներն Աշխարհի գավաթի այս խաղարկությունում վատ հանդես եկան եւ, եթե չեմ սխալվում, գրավեցին թիմային 7-րդ տեղը:

– Լոնդոնում Արսեն Ջուլֆալակյանի գլխավոր մրցակիցը՝ Ռոման Վլասովը, օրերս հայտարարել էր, թե Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գոգուաշվիլին իրեն պարտադրել է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Արսենի մասին ի՞նչ կասեք:

– Դեռ այս տարվա սկզբից մենք որոշել ենք, որ Արսենը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցելու, այլ նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը: Այդպես մենք վարվել ենք, ինչպես ասացի, որպեսզի մյուսներն էլ մրցափորձ ձեռք բերելու եւ իրենց դրսեւորելու հնարավորություն ունենան նոր սկսված օլիմպիական ցիկլում:

– Ռոման Ամոյանի ու Յուրի Պատրիկեեւի մասին նոր բան չունե՞ք ասելու:

– Ռոմանը շարունակում է մարզվել: Նա նույնպես պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Իսկ Պատրիկեեւի մասին արդեն գիտեք: Նա դեռ իր մարզական կարիերայի մասին վերջնական որոշում չի կայացրել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728