Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի նահապետը՝ վաստակավորի կոչումով

Փետրվար 27,2013 15:00

90-ամյա Քաջազուն Գյուրջյանը 70 տարի բեմում է

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած Գ. Սունդուկյանի «Խաթաբալայի» (բեմադրիչ՝ Գոհար Հարությունյան) առաջնախաղը նվիրված էր ՀՀ վաստակավոր արտիստ Քաջազուն Գյուրջյանի ծննդյան 90 եւ բեմական գործունեության 70 ամյակներին: Այս դեպքում որոշեցինք չանդրադառնալ նոր «Խաթաբալային», միայն նշենք, որ հայտնի այս կատակերգությունն առաջին անգամ Մայր թատրոնի բեմ է բարձրացրել 1928թ. Արմեն Գուլակյանը, ապա անդրադարձել են Վարդան Աճեմյանն ու Ավետ Ավետիսյանը, ինչից հետո էլ սունդուկյանական գլուխգործոցը բեմադրել են Հայաստանի, Թբիլիսիի եւ Արեւմուտքում գործող գրեթե բոլոր թատրոններն ու թատերախմբերը:

Այս ներկայացման մեջ Քաջազուն Գյուրջյանը մարմնավորեց Զամբախովին (լուսանկարում):

Պրոֆեսիոնալ բեմ գալով 1941թ., Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում միանգամից աչքի է ընկնում իր, ինչպես ընդունված է ասել՝ բնածին դերասանական տաղանդով: Այս մասին է խոսում այն փաստը, որ նա հյուրախաղային ներկայացումների ժամանակ եղել է Վահրամ Փափազյան եւ Հրաչյա Ներսիսյան- Օթելլոյի՝ Յագոն եւ Կասիոն, Արուս Ոսկանյան- Կրուչինինայի Նեզնամովը, Ավետ Ավետիսյան-Զամբախովի Կակուլին, Օլգա Գուլազյան-Նատալյայի Մասիսյանցը եւ այլն: Արտաշատի թատրոնից հետո դերասանը շարունակել է իր գործունեությունը Երեւանի պատանի հանդիսատեսի, ապա Երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում, հանդես գալով կենտրոնական դերերով:

Վաստակաշատ դերասանի կերպարները Րաֆֆու, Պռոշյանի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Շեքսպիրի, Շիլլերի, Մոլիերի, Գոլդոնիի, Օստրովսկու հերոսներն են՝ Սամվել, Սոս, Զամբախով, Մարմարով, Կակուլի, Օթարյան, Մասիսյանց, Յագո, Կասիո, Ֆերդինանդ, Նեզնամով, Կուդրյաշ եւ ժամանակակից թատերգության բնութագրական ու կատակերգական այլ դերեր՝ 150-ից ավելի: Մինչ ներկայացման սկիզբը եւ դրա ավարտից հետո հանդիսատեսի խոսակցության առանցքում հոբելյարն էր: Օրինակ, ասում էին, թեպետ առաջացած տարիքին, Գյուրջյանը զգացնել չի տալիս այն, ներկայացումներին ու փորձերին գալիս է բոլորից շուտ: Ավելին՝ արվեստագետը, որ 17 տարի աշխատում է Կոմեդիայի թատրոնում, կրում է խաղացանկի ծանրությունն իր ուսերին: Ականջալուր եղանք նաեւ հետեւյալ խոսակցությանը. 1980-ականներին, երբ դերասանը ներկայացված է եղել ժողովրդական արտիստի կոչման, ինչ-ինչ պատճառներով դա այդպես էլ «տեղի չի ունեցել», իսկ ոգեւորված արտիստը, որ կուլիսներում պատրաստ սպասելիս է եղել իր անվան հայտարարելուն, այդպես էլ չլսելով այն՝ կորցրել էր գիտակցությունը… Այստեղ հիշեցինք ժամանակին մեզ հետ կատարվածը. երբ «Առավոտը» վերջին հարցազրույցն էր ունենում անվանի դերասան Խորեն Աբրահամյանի հետ, նա խնդրեց, որ չներկայացվեն իր կոչումները, ասելով՝ ես լինեմ ժողովրդական արտիստ, իսկ Վերջալույս Միրիջանյանը վաստակավո՞ր… անհարմար է:

Վաստակաշատ դերասան Քաջազուն Գյուրջյանի խաղընկերները վաղուց են արժանացել Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, եւ այսօր Կոմեդիայի թատրոնում ավագ սերունդը ներկայացնում են ժողովրդական դերասան Սվետլանա Գրիգորյանը եւ Գյուրջյանը: Դիմելով Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին, հետաքրքրվեցինք, թե չե՞ն պատրաստվում դերասանի հոբելյանների կապակցությամբ միջնորդել՝ նրան ժողովրդական արտիստի կոչման ներկայացնելու համար: «Իհարկե՝ այո, դուք ականատեսը եղաք, թե ինչպես արտիստը ներկայացրեց հայ բեմում մեծ ավանդույթ ձեւավորած Զամբախովի կերպարը եւ ինչպես այն ընդունվեց հանդիսականի կողմից: Հաշվի առնելով արտիստի իսկապես մեծ վաստակը հայ թատերարվեստի զարգացման եւ, մասնավորաբար՝ մեր թատրոնի առաջընթացի գործում, իսկ Գյուրջյանն այսօր զբաղված է խաղացանկային շուրջ 10 ներկայացումներում, նրան ժողովրդականի կոչում շնորհելու կապակցությամբ պատրաստվում ենք դիմել ՀՀ մշակույթի նախարարին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728