Արմեն Մարտիրոսյանը հորդորում է իշխանությանը հաշվել Վարդենիկի բնակիչների թիվը, նոր մասնակցության թիվը խփել
Որպես 8-րդ դասարանում դասադուլ արած մարդ եւ 18 տարվա դասախոսի ստաժ ունեցող մարդ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր «Փաստարկ» ակումբում ողջունեց այս օրերին դասադուլ անող ուսաողներին: Նա ընդգծեց, որ խորհրդային ժամանակներում ավելի ժողովրդավար էին, որովհետեւ որեւէ մեկը չէր արգելում դասադուլ կազմակերպել, իսկ հիմա բուհը դարձրել են բանտ, ինչը ցույց է տալիս, որ իշխանությունը հեռու է ժողովրդավարությունից:
Թե ովքեր են այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ բոլոր նրանք, ովքեր ժողովրդի հետ են. «ՀՅԴ-ն, ՀԱԿ-ի տարբեր կառույցներ ու քաղքական կազմակերպություններ, այդ թվում՝ Պետրոս Մակեյանը եւ Նիկոլ Փաշինյանը ելույթ են ունեցել: ԲՀԿ-ի հայտարարությունը այս պահին կա, որը աջակցում է ժողովրդի պայքարին: Հիմա իրենք կգան, կմիանան ժողովրդի պայքարին թե ոչ՝ դա արդեն իրենք կասեն: Երեկ էլ արդեն Վարդան Պետրոսյանն է հայտարարություն տարածել»:
Մեղրիի քաղաքապետի հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրեն եւ իր թիմակիցներին Ագարակում եւ Մեղրիում հյուրանոցները հրաժարվել են գիշերելու տեղ տալ: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանեք դա՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մեր երկրում ոչ մի բան առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում. «Բիզնեսը չի ուզելու գումար աշխատի, ուժային կառույցը չի ուզելու հանցագործություն բացահայտի: Այնպես որ, նմանատիպ անտրամաբանական երեւույթներ շատանալու են Հայաստանում, քանի դեռ այս իշխանությունները գրավում են իշխանական պոստը»:
Կարդացեք նաև
Հարցին, թե ի՞նչ մեթոդներով եք պատրաստվում իշխանափոխության, գնալու եք Բաղրամյան 26՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց՝ որ իշխանափոխություն պետք է լինի՝ հաստատ է:
Լրագրողներից մեկը հեգնեց, որ չնայած «Ժառանգությունը» խոսում է ընտրախախտումների մասին, բայց երբ ոստիկանությունը դիմել է կուսակցությանը՝ ապացույցներ ներկայացնելու համար, ոչ մի ապացույց չեք ներկայացրել: Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Շատ վատ է, որ պետբյուջեից սնվող այդ հսկայական ուժային կառույցը պետք է դիմի կուսակցություններին, որ իրենց խախտումներ ներկայացնեն: Իշխանությունը չգիտի՞, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 30 տոկոս բնակչության պարագայում 50 տոկոս մասնակցություն կա: Իշխանությունների կարծիքով մարդիկ այդ օրը իջել են քվեարկել են, հետո հետ են գնացել Չելյաբի՞նսկ: Էդ իշխանությունները չե՞ն իմանում գյուղերում ինչքան մարդ է մնացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ