Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»

Փետրվար 27,2013 14:49

Վահան Մարտիրոսյանը՝ կամերային նվագախմբի, Մոնդելչիի եւ Բոլելիի մասին

Հայաստանի պետական նվագախմբի համար համերգաշրջանը հոբելյանական է՝ 50-րդը: Արդեն մի մեծ գալահամերգ ունեցել են դեկտեմբերին, որին հրավիրված էր նաեւ լեգենդար ակորդեոնահար Ռիշար Գալիանոն:  «Մեր բոլոր համերգներն անցնելու են հոբելյանի աստղի ներքո, ու փորձելու ենք ամեն անգամ հրավիրել որեւէ մեծանուն երաժշտի: Հաջորդը կլինի  հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, որն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց միասին առաջին անգամ ենք աշխատելու: Եվ ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի  գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մարտի 30-ին կայանալիք համերգի ծրագրին, դիրիժորի խոսքով. «Ծրագիրը հետաքրքիր համադրություն է՝ դասականի, ջազի եւ տանգոյի: Կամերային նվագախումբը դասական նվագախումբ է, բայց մենք սիրով  տանգո եւ ջազ էլ կկատարենք:  Մոնդելչին առաջարկել է մի ծրագիր, որտեղ ինքը սկսում է դասական երաժշտությամբ՝ Գլազունովի Սաքսոֆոնի կոնցերտով, հետո շարունակում է կինոյի երաժշտությամբ եւ վերջացնում է տանգոյով: Նվագախումբը կկատարի  Գլազունովի կոնցերտը, որից հետո Դվորժակի «Սլավոնական պարերը», ապա Գերշվին, կինոյի երաժշտություն, ամերիկյան ջազային որոշ ստեղծագործություններ: Համերգը տանգոյով կվերջացնենք»:

Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Մոնդելչին հայ ունկնդրին անակնկալ ունի՝ կներկայացնի  հայկական երաժշտության իր  մշակումը:

Կամերայինի մի համերգ էլ մարտի կեսին Զավեն Վարդանյանը կղեկավարի: Նագախումբը  մասնակցում է նաեւ «Ազգային պատկերասրահ» փառատոնին:

Հետաքրքրվեցինք՝ Երիտասարդական նվագախմբի օրինակով, ցանկություն չունե՞ն առաջին տիկնոջ գործերից հնչեցնել: «Ինձ չեն առաջարկել ոչ մի առաջին տիկնոջ գործ, եւ հետո, եթե երաժշտությունը լավն է, կապ չունի, թե ով է գրել»,- պատասխանեց դիրիժորը: Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ չի եղել որեւէ համերգ, որի ընթացքում ազգային երաժշտություն չհնչեցնեն. «Մեր ժամանակակից կոմպոզիտորները կարիք ունեն, որ իրենց ստեղծագործությունները կատարեն: Տարվա սկզբից արդեն 10-ից ավելի պրեմիերա ենք արել: Նաեւ հրավիրյալ դիրիժորների առաջ է պայման  դրվում, որ ոչ միայն իրենց ծրագրերն առաջարկեն, այլեւ հայ հեղինակի ստեղծագործություն կատարեն: Ես միշտ խնդրում եմ ժամանակակից հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորներին՝  ստեղծագործել մեր կոլեկտիվի համար, որովհետեւ ընդամենը  մի 20 ժամ դասական երաժշտություն կա, այդ  20 ժամը ինչքա՞ն կարելի է կրկնել»:

Իսկ ի՞նչն է ստեղծագործելիս խթանում իր ոգեւորությունը եւ ի՞նչը զայրացնում:

«Շատ բան կարող է ինձ զայրացնել,  զայրացնում է հատկապես ոչ պրոֆեսիոնալիզմը: Հասկանալի է, որ Հայաստանում ստեղծագործող երաժիշտը տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրներ ունի, բայց մի՞թե դա կապ ունի լավ նվագելու հետ: Դա նույնն է, որ  ֆուտբոլի մասին ասում են՝  մերոնք լավ չեն խաղում, որովհետեւ քիչ են վաստակում: Իսկ ի՞նչ փող  է պետք գնդակի հետեւից ավելի արագ վազելու համար, դա փողի հետ կապ ունի՞»,- տարակուսում է մեր զրուցակիցը:

Նաեւ հավելում է, որ  Հայաստանի պետական կամերային նվագախումբը բարձրակարգ նվագախումբ է եւ ոչնչով չի զիջում «կուշտ» երկրների նմանօրինակ նվագախմբերին. «Այլ հարց է, որ պիտի միջոցներ գտնել, որպեսզի լավագույն երաժիշտները չհեռանան Հայաստանից, իսկ կոնսերվատորիայում ուսանել ցանկացողները հավատան, որ երաժիշտ դառնալով լավ են ապրելու: Էլի շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին, որ մեկ տարի է՝ մեր նվագախումբը փրկել է կործանումից՝ ավելացնելով ֆինանսական հնարավորությունները: Մեր ցանկությունն է, դրանք ավելի մեծանան, որպեսզի կարողանան ավելի հաճախ լավ երաժիշտներ հրավիրել: Նման հրավերները հայ ունկնդրին 10 անգամ ավելի օգուտ կբերեն, քան  Բոչելիին հրավիրելը, որի վրա  մեկ միլիոն ծախսեցին: Լուրջ մարդիկ կարող էին գալ, ոչ թե կույր, խուլ եւ համր»:

Վահան Մարտիրոսյանին հարցրինք՝ առաջիկայում նախատեսվա՞ծ է համերգ՝ կամերային երգչախմբի ընկերակցությամբ: Նա ասաց, որ մտերիմ է Ռոբերտ Մլքեյանի, Սոնա Հովհաննիսյանի, Հարություն Թոփիկյանի եւ ընդհանրապես երաժշտական կոլեկտիվների ղեկավարների հետ, ու սիրով համատեղ ծրագրեր կանի: Նրա խոսքով, որքան երաժիշտները միմյանց հետ լավ հարաբերություններ ունենան, այնքան ունկնդիրը կշահի:

Իսկ լավատե՞ս մարդ է, արդյոք:

«Ես լավատես եմ, անհնարին կլիներ առաջ գնալ, եթե  մտածեի, թե դիմացս փոս է:  Ոչ ոք չգիտի՝ վաղը ինչ կլինի, գուցե դիմացիս դուռը բացեմ, մեկը  Պարույր Հայրիկյանի նման վրաս կրակի… Բայց քանի որ լավատես եմ, մտածում եմ, որ դռնից այն կողմ արեւ է, ոչ թե քիլլեր… Ու երբ ամեն անգամ կանգնում եմ նվագախմբի դիմաց, մտածում եմ, որ  հիմա ձեռքս կբարձրացնեմ ու կհնչի աշխարհի ամենալավ նվագախմբի լավ նվագած երաժշտությունը»,- պատասխանեց դիրիժորը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայաստանի պետական կամերային
    նվագախմբի գեղարվեստական ղեկավար
    և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանին

    Հարգելի պարոն,
    Առավոտ օրաթերթի հետ հարցազրույցում` 27.02.2013թ., նշել եք, որ «Կարելի է լուրջ երաժիշտների հրավիրել, ոչ թե կույր, խուլ ու համր»: Խորապես ցավում ենք, որ դուք, լինելով երաժիշտ և Ձեզ համարելով մտավորական, Ձեզ թույլ եք տալիս ոչ կոռեկտ արտահայտվել հաշմանդամություն ունեցող անձանց հասցեին` նրանց պիտակելով, որպես «անլուրջ», դրանով իսկ նպաստելով հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ոչ ճիշտ պատկերացումների ձևավորմանը: Մենք կոչ ենք անում հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչներին` ուշադիր լինել իրենց արտահայտություններում և ոչ ճիշտ արտահայտված մտքերով չձևավորել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ սխալ պատկերացումներ:
    Չգիտեմ` որքանով եք տեղյակ, բայց որպես երաժիշտ, պետք է, որ տեղյակ լինեիք հաշմանդամություն ունեցող այնպիսի համաշխարհային մեծությունների մասին, ինչպիսիք են`Լյուդվիգ Վան Բեթովենը, Անդրեա Բոչելլին, Ռեյ Չառլսը, նշանավոր մեցցո սոպրանո Փարի Զանգանեն և այլոք, որոնք երաժշտության ոլորտում իրենց մեծ ու անուրանալի ներդրումն են ունեցել:
    Փաստորեն, վերը թվարկված երեժիշտները` ըստ Ձեզ «անլուրջ» են, քանի որ ունեցել են հաշմանդամություն: Դուք հակասում եք ինքներդ Ձեզ, քանի որ հարցազրույցում նշել եք, որ «եթե երաժշտությունը լավն է, կապ չունի, թե ով է գրել»:

    Հարգելի պարոն, ի գիտություն Ձեզ, տեղեկացնում ենք, որ ոչ միայն երաժշտության ասպարեզում են եղել, կան ու կլինեն հաշմանդամություն ունեցող համաշխարհային ճանաչում ունեցող անձինք, այլև գիտության տարբեր ասպարեզներում:
    Ես` լինելով 1-ի կարգի հաշմանդամ, ունենալով տեսողական խնդիր, իմ և ամբողջ աշխարհի հաշմանդամություն ունեցող անձանց անունից, որոնց համարում եք «անլուրջ», ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ Ձեզ, որ ավելի լավ է լինել կույր, խուլ, համր ֆիզիկապես, քան հոգով, քանի որ հոգով կույր, խուլ, համր մարդ կոչվածից, որևէ բանական և մարդասիրական մոտեցում հնարավոր չէ ակնկալել որևէ մեկի նկատմամբ:
    Ցավալի և ամոթալի է այն հանգամանքը, որ 21-րդ դարում դեռևս կան իրենց մտավորական համարող այնպիսի անձինք, որոնք առաջնորդվում են կարծրատիպերով, մինչդեռ, որոնք առաջին ջատագովները պետք է լինեին այդ կարծրատիպերի վերացմանը:
    Եթե դուք լավատես եք, ինչպես նշում եք` «Ես լավատես եմ, անհնարին կլիներ առաջ գնալ, եթե մտածեի, թե դիմացս փոս է», ապա հաշմանդամություն ունեցող անձինք Ձեզանից երիցս լավատես են, քանի որ անհրաժեշտության դեպքում նրանք հաղթահարում են իրենց առջև բացված ոչ միայն փոսերը, այլ նաև անդունդները և առաջ են գնում:
    Իրոք, իրավացի եք, ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի իր հետ և ուրեմն ամեն օր աղոթեք Աստծուն, որ Ձեզ հետ ոչինչ չպատահի, հանկարծ հաշմանդամություն ձեռք չբերեք, թե չէ ըստ Ձեզ «կանլրջանաք» և Ձեր մասնագիտական ունակությունները Ձեզ պես մտածողների կողմից կհամարվեն «անլուրջ» :

    Հ. Գ. Ձեզանից ուղիղ պատասխան ակնկալելով` հարցնում ենք, թե կույր, խուլ, համր և, ընդհանրապես, հաշմանդամություն ունենալը ի՞նչ կապ ունի անձի լրջության հետ:

    «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի
    պաշտպանության ազգային դաշինք¦
    իրավաբանական անձանց միություն,
    գործադիր տնօրեն Մ.Վասիլյան

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728