Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանից դիմումների մեծ հոսք կա: Ադրբեջանը լավագույնս է օգտագործում փախստականների գործոնը: Ըստ «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի, Հայաստանին շուտով կկանչեն ԵԴ ու կասեն՝ արի պատասխան տուր:
Ինչ ենք անում մենք՝ Ադրբեջանի գրավյալ տարածքներից Հայաստան բռնագաղթվածները՝ մեկ միլիոնից ավելի փախստականները: Ըստ Տիգրան Տեր-Եսայանի. «Գրավյալ տարածքները ոչ թե միայն մենք ենք վերցրել Օսկանյանի ասելով, այլ նաեւ Ադրբեջանը: Արծվաշենից սկսած՝ մեր բոլոր գրավյալ տարածքները պիտի Ադրբեջանն ընդունի:
Եթե մենք խոսում ենք տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի մասին, ապա դրանք տարբեր բաներ են: Ադրբեջանը վերցրել է մեր տարածքները: Դրանով ոտնձգություն է կատարվել մեր տարածքային ամբողջականության վրա:
Ինքնորոշումը Արցախի խնդիրն է, հետեւաբար, այդ հարցով թող դիմեն Արցախի պետությանը:
Կարդացեք նաև
Մենք իրավասու չենք ՄԻԵԴ-ում որպես պատասխանող պատասխանել Ադրբեջանի հայցերին՝ ընդդեմ Արցախի:
Եթե ուզում են, որ մենք պատասխանենք, թող կողմ ճանաչեն Արցախը, եւ Արցախն էլ, որպես այդպիսին, թող գնա ՄԻԵԴ՝ պատասխանելու:
Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ԵԽ անդամ են:
Մեր փախստականները պիտի դատի տան Ադրբեջանին:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր փախստական, որն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, կարող է դիմել ԵԴ»:
Տիգրան Տեր-Եսայանն ասում է, որ մենք արդեն ԵԴ-ում նախադեպ ունենք. մեր փախստականն ընդդեմ Ադրբեջանի:
Կան դիմումներ Արծվաշենի, Խոջալուի, Շահումյանի փախստականներից:
Դեռ մի քանի տարի առաջ իմ գործընկեր Աննա Իսրայելյանն անդրադարձել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում առկա «Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի» եւ «Մինաս Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերին: Նա վերջին գործի հետ կապված տեղեկացրել էր, որ մինչ 1992թ., հայազգի դիմումատուն ապրել էր ԼՂԻՄ-ին սահմանակից Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում, ունեցել է երկհարկանի տուն եւ հողամաս: Հայտատուն ԵԴ-ին հայտնել էր, թե մինչ ԼՂ հակամարտությունը՝ Շահումյանի բնակչության 82%-ն ազգությամբ հայեր էին, որ բռնի տեղահանման եւ Ադրբեջանի կառավարության գործողությունների պատճառով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ «Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը», 13-րդ հոդվածը՝ «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք» եւ 14-րդ հոդվածը՝ «Խտրականության արգելում»: Նա ենթարկվել էր խտրականության՝ ազգային եւ կրոնական պատկանելության հիման վրա, այնպես, ինչպես Ադրբեջանում ապրող ազգությամբ բոլոր հայերը: Այսինքն՝ շեշտադրումը եղել էր Եվրոպական կոնվենցիայի այն դրույթների խախտումը, որոնք փորձում են այսօր ազերի դիմումատուները ներկայացնել հակառակ մեզ:
Ի տարբերություն ազերի փախստականների, որոնք լքել են Հայաստանը՝ ամեն ինչ իրենց հետ վերցնելով, մեր փախստականները՝ Սումգայիթից, Բաքվից… ենթարկվել են խոշտանգումների, սպանվել են, ողջակիզվել, առանց փոխհատուցման, կորցնելով ամեն ինչ, մի մասն էլ մազապուրծ փախել են Հայաստան: Տիգրան Տեր-Եսայանն ասում է, որ 2013թ. իրավական փորձաքարը սա է լինելու: Միջազգային իրավունքի կռվի սկիզբն ազդարարված է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ