Շահեն Պետրոսյանը 1998-ից դուրս է եկել ՀՀՇ վարչության կազմից, քանի որ ՀՀՇ-ն պարտադրված էր սատարել Ռոբերտ Քոչարյանին:
Փետրվարի 23-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարում հայտարարեց, թե չի ցանկանում, որ ՀՀՇ-ն վերածվի թանգարանի, ամրագրեց, որ ՀԱԿ դաշինքը այլեւս գոյություն չունի, մեկ տարի առաջ սկսվել է քայքայման գործընթաց, սակայն պատճառների մասին չխոսեց, ապա Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե Վանո Սիրադեղյանի՝ երկիրը լքելուց հետո ՀՀՇ-ն դարձել է «գեղական կլուբ, աղանդ»:
«Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին. եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց՝ իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ՝ մեկ տոկոսից ցածր: Հիմա, եթե ասացիք, Կոնգրեսը չկա, մնում ենք էլի ՀՀՇ, հայտնվում ենք այդ նույն 7 տարվա վիճակում: Սա՞ է մեր ցանկացածը: Հինգ տարվա մեջ հսկայական նոր զանգվածներ են ընդգրկվել այս շարժման մեջ, եթե հաշտվենք այս իրականության հետ, ասենք՝ ֆորմատը չկայացավ, ու ամեն մեկս թողնենք գնանք մեր կուսակցություններ, այս էներգիան կկորցնենք եւ մեծագույն մեղք ենք գործելու մեր ժողովրդի, մեր ապագայի հանդեպ: Ալտերնատիվը ո՞րն է, գնանք փակվենք ՀՀՇ-ի գրասենյակում, դառնանք աղանդ, ակո՞ւմբ»,- ասաց Տեր-Պետրոսյանը: Այս գնահատականները արժանացան դահլիճում ներկաների բուռն եւ երկարատեւ ծափերին, իսկ արդյունքում 375 կողմ ձայներով որոշում ընդունվեց ՀՀՇ կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ Անդրադառնալով ՀՀՇ անվանափոխության հարցին՝ Տեր-Պետրոսյանը նշեց, որ դա կուսակցությունների պատմության մեջ ամենասովորական բանն է:
ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ դեռ 1995-ին, երբ ՀՀՇ-ն իր առաքելությունն արդեն իսկ ավարտել էր, ինքը կողմնակից է եղել, որ այն դառնա դասական կուսակցություն, քանի որ Հայոց համազգային շարժումը, որը 1989-ին էր ստեղծվել՝ լայն զանգվածների շարժում էր, ինչպես 5 տարի առաջ նույն ՀԱԿ-ը։ «Հետագայում ՀՀՇ-ն կամաց-կամաց նեղացավ, բայց շարժման անունը մնաց»,- նկատեց նա՝ հավելելով, որ դեռ 2000թ., երբ Ալեքսանդր Արզումանյանն էր ՀՀՇ վարչության նախագահը, փորձ են արել անվանափոխել ՀՀՇ-ն, սակայն նրանց փորձերն ապարդյուն են անցել, ՀՀՇ-ի ներսում դիմադրության են հանդիպել:
Կարդացեք նաև
Քաղաքական դաշտում գրեթե նույն կազմով, սակայն նոր անունով կուսակցությունը ի՞նչ է փոխելու, ո՞րն է քաղաքական դրդապատճառը նոր կուսակցություն ստեղծելու՝ հարցրինք մեր զրուցակցին. «Որովհետեւ ՀԱԿ-ը արդեն գրեթե գոյություն չուներ, կառուցվածքն այնպիսին էր, որ որոշումները կոնսենսուսով էին անցնում: Ի՞նչ պարտադիր էր, որ մարդ-կուսակցությունները անընդհատ խոչընդոտեին գործընթացներին: Հիմա ինքը՝ Տեր-Պետրոսյանն էլ ասաց, որ ՀԱԿ-ը գոյություն չունի։ Բայց նաեւ ասաց՝ ՀՀՇ-ն աղանդ է, ՀՀՇ-ն գոյություն չունի: Այստեղ արդեն հակասություն կա՝ եթե ՀՀՇ-ն գոյություն չունի, ինչպե՞ս ես ՀՀՇ-ի հիմքի վրա նոր ՀԱԿ ստեղծում… Նա փաստորեն մեղադրեց այն մարդկանց, որոնք այս տարիների ընթացքում կարողացել են, այնուամենայնիվ, պահել կուսակցությունը, ընդ որում՝ ամենաբարդ տարիներին: 1998-2007թթ. այդ մարդիկ պահել են կուսակցությունը, եւ այս առումով փոքր-ինչ վիրավորական է նրանց «աղանդավոր» անվանելը»,- նկատեց Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ Տեր-Պետրոսյանը դա ասաց՝ ասելու համար, եւ հիմա պետք չէ ֆիքսվել այդ բառերի վրա:
Շ. Պետրոսյանը հիշեցրեց, որ 1998-ից դուրս է եկել ՀՀՇ վարչության կազմից, քանի որ ՀՀՇ-ն պարտադրված էր սատարել Ռոբերտ Քոչարյանին. «Պարտադրեցին ՀՀՇ-ին, քանի որ ոչ մի այլ կուսակցություն նման կառույցներ չուներ, որպեսզի կարողանար ընտրություններ կազմակերպել, հույսը դրեցին ՀՀՇ-ի վրա, եւ Վազգեն Սարգսյանը պարտադրեց, որ սատարեն Ռոբերտ Քոչարյանին»:
Շ. Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի նոր ՀԱԿ կուսակցությունը. «Թող աշխատեն, այսպես թողնելով՝ ավելի վատ էր լինելու։ ՀԱԿ-ը անկում էր ապրում, մինչդեռ հիմա փորձ է արվում վերակենդանացնելու»: Նա եւս համարում է, որ ՀՀՇ-ի անվանումը բացասական էր ընկալվում, ինչպես ապագայում, եթե Հանրապետական կուսակցությունը պարտվի՝ նրա անվանումից են բոլորը խուսափելու։ «Այն մարդիկ, ովքեր վարկաբեկել են ՀՀՇ-ն, նրանք հիմա էլ Հանրապետականում են։ Այսինքն՝ անունը մեղք չունի, մեղք ունեն մարդիկ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Նոր կուսակցությունը քաղաքական պրոցեսների վրա կարողանալո՞ւ է ազդել այսօր ստեղծված ներքաղաքական գործընթացների պայմաններում, երբ ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնել է ընդդիմության դերը՝ հարցրինք Շ. Պետրոսյանին։ «Կարծես տպավորություն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանով ձգտում են տիտղոսային ընդդիմություն ստեղծել, բայց դա հազիվ թե հաջողվի: Մի պահ ԲՀԿ-ին էին փորձում տիտղոսային ընդդիմություն դարձնել՝ չստացվեց: Ընդդիմադիր կարող է լինել միայն այն ուժը, որը փորձ է ունեցել եւ իշխանության մեջ է եղել, ներսում պայքարի մեջ են եղել: Այս առումով միայն ՀԱԿ-ն է հաջողված, ինքը կարող է լուրջ ընդդիմություն լինել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը՝ այնուամենանյիվ, ՀԱԿ նոր կուսակցության ստեղծման գաղափարը, բացի ՀՀՇ-ից, ՀԱԿ-ին մաս կազմող որեւէ այլ կուսակցություն չողջունեց՝ Շ. Պետրոսյանը դա էլ բնական համարեց՝ նկատելով, որ այդ կուսակցությունները գիտակցում են, որ այս քայլով կմարգինալացվեն, կկորցնեն իրենց երբեմնի ստատուսը՝ ձայնի իրավունքը, որը ունեին ՀԱԿ դաշինքի շրջանակներում: «Տեր-Պետրոսյանի քայլը, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Նա փորձ է անում մի կառույց ստեղծել, որը լիբերալ արժեքներ կրող կլինի եւ կունենա իր հասարակական աջակցությունը գալիք ընտրություններում»,- ամփոփեց Շ. Պետրոսյանը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ