Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլուբաբյան. «Սումգայիթյան ջարդերի ժամանակ իրականում 100-ից ավել մարդ է սպանվել» (Տեսանյութ)

Փետրվար 27,2013 14:29

Ուլուբաբյանն ունի զոհվածների մահվան վկայականները

«Սումգայիթյան ջարդերի ժամանակ սպանվել է ոչ թե 32, ինչպես ներկայացնում են, այլ հարյուրից ավել հոգի, որոնց մահվան վկայականների լուսանկարները կան,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սումգայիթում զոհվածների հարազատների վստահված անձ, «Сумгаит… Геноцид… Гласность?» գրքի համահեղինակ Հրայր Ուլուբաբյանը, ապա հավելեց,- Մոտ երկու տարի առաջ դատախազությունը հրապարակեց  մահացածների ցուցակ, որում ես ուղղումներ էի մտցրել դեռեւս 1989թ-ին: Բանն այն է, որ  ցուցակն ուներ անհամապատասխանություններ. ցանկում ընդգրկված էին կենդանի մարդիկ, որոնց ես ճանաչում եմ եւ այսօր էլ կարող եմ նրանց ներկայացնել»:

ՍԴ խորհրդական, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը որակվել են որպես խուլիգանական գործողություններ, մինչդեռ ջարդերը նախապես պլանավորված են եղել. «Դատավարությանը մասնակցել է երեք հայ փաստաբան, որոնք մեծ աշխատանք են տարել այդ ուղղությամբ: Սակայն նրանց միջնորդությունների 90 տոկոսը մերժվել է:  Ընդհանուր առմամբ` դատավարությունը բաժանվել է մի քանի էտապի, ինչը նույնպես  կազմակերպված էր: Սկզբում մահապատժի վճիռ կայացվեց Մամեդովի հանդեպ, սակայն տեղյակ չեմ` այն իրականացվեց, թե` ոչ»:

Դանիելյանի դիտարկմամբ. «Ներկայումս  պարտադրել, որ Ադրբեջանը վերանայի քրեական գործերը, հնարավոր չէ:  Նման կարգի հարցերում միջազգային դատարանները պետք է ներգրավվեն, որովհետեւ սա մարդկության հանդեպ կատարված հանցագործություն է»:

Ուլուբաբյանի խոսքով. «Մինչ ջարդերը սկսելը նախապես կազմվել են մարդկանց ցուցակները: Գործողությունները տեւել են ոչ թե երեք, այլ չորս օր: Փետրվարի 26-ին ժողովրդին են ոտքի հանել, իսկ Ադրբեջանի կոնտկոմի ղեկավարը ներկա է եղել հավաքներին:  Հայերի դեմ հնչել են կոչեր` «սպանել», «ջարդել», «հրդեհել», «դուրս հանել Ադրբեջանից»: Այդպես մեկ օր շարունակ ժողովրդին լարեցին հայերի դեմ: Հաջորդ օրը, երբ Սումգայիթը շրջափակված էր, դրսում ծեծ ու ջարդ իրականացնելով` սարսափի մեջ էին գցում հայերին, որպեսզի տներից դուրս չգան: Փետրվարի 28-ից արդեն մտան տները, մարդկանց հանեցին եւ հրապարակավ սպանեցին, այլանդակ բռնաբարություններ կատարեցին:Իսկ Սումգայիթ մտած զորքը հրաման ուներ չմիջամտել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728