Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից դժգոհ ընտրազանգվածը ոչ թե 37, այլ 41,36 տոկոսն է

Փետրվար 27,2013 13:51

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ «հրաժարականների շքերթի» եւ «Ժառանգության» հետ կոալիցիայի մասին

 – ՀՀԿ-ականների համար անսպասելի՞ էին հետընտրական նման զարգացումները, քանի որ նախընտրական շրջանում բազմիցս կարծիքներ հնչեցին, այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր դաշտից, որ ընտրությունները ոչ մրցակցային են, եւ Սերժ Սարգսյանն էլ հանգիստ վերընտրվելու է: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ հասարակությունը դեռեւս ի վիճակի է կեղծիքի եւ խաբեության դեմ ըմբոստանալու:

– Ձեր ձեւակերպումները մի քիչ կտրուկ էին եւ ոչ համարժեք: Քարոզչության ժամանակահատվածում ես բազմաթիվ անգամ մամուլով հնչեցրել եմ, որ սպասվող նախագահական ընտրությունները լինելու են մրցակցային եւ, ի տարբերություն նախորդների, լինելու է ծրագրերի եւ գաղափարական պայքար, հիմա բոլորս էլ փաստում ենք, որ ընտրությունները տեղի ունեցան մրցակցային պայմաններում: Բայց անկեղծ ասած, այնքան էլ անսպասելի չէր նման զարգացումը, քանի որ եթե, պաշտոնական տվյալներով, բնակչության 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, ապա բնական է, որ իշխանության թեկնածուին, գործող նախագահին կլինեն նաեւ դեմ քվեարկող քաղաքացիներ: Եթե բնակչության մեջ կա դժգոհ ընտրազանգված, նրանց համար միեւնույն է, թե ով է ղեկավարում: Կարեւորը, որ որեւիցե մեկն ասում է եւ փորձում է իրենց ցանկությունները տեղ հասցնել: Դա, ըստ էության, Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով կարողացավ դա անել:

Ընտրությունները քաղաքական գործընթաց են, բայց ամբողջովին իրավական դաշտում. ամեն ինչը Սահմանադրությամբ եւ օրենքներով կանոնակարգված է: Եվ հետընտրական այս գործընթացները բավականին վերլուծելու, մտորելու առիթ են տալիս: Բնական է, որ կա դժգոհ ընտրազանգված, եւ դա 37 տոկոսը չէ, 41.36 տոկոսն է, որովհետեւ մենք 58.64 տոկոս ձայն ենք ստացել: Մնացածը, այսպես, թե այնպես, մեզ չեն ընտրել: Եվ բնական է, որ այս փաստը իշխանությանը մտորելու տեղիք է տալիս: Այստեղ միայն սոցիալական խնդիրը չէ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Երբ մենք անդրադառնում ենք, օրինակ, արտագաղթի խնդրին, եւ բերում են սոցիալական հիմնավորումը, ես համաձայն չեմ: Դա հիմնավորումներից ընդամենը մեկն է: Եթե բոլոր գործոնները լուրջ չեն քննարկվում, բնականաբար, ախտորոշումը եւ բուժումը կարող են ոչ արդյունավետ լինել:

Ինչ մնում է ներկայումս ընթացող գործընթացին՝ ես կարծում եմ, որ մեր ընտրական օրենսդրությունը տալիս է այն իրավական հիմքը, որպեսզի ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքական ուժն իր տեսակետներն արտահայտի՝ հիմք ընդունելով օրենքը: Եթե քաղաքական ուժը բաց է թողնում իրավական հիմնավորումը, կտրվում է իրավական հիմքից եւ անցնում է քաղաքական պահանջների, արդեն դառնում է զուտ քաղաքական ձեւակերպումների խնդիր:

– «Ժառանգությունը» 10 տեղամասերում փորձեց վիճարկել ընտրությունների արդյունքները՝ Ձեր նշած իրավական ճանապարհով, միայն երկու տեղամասում վերահաշվարկ իրականացավ:

– Եթե օրենքի սահմաններին համապատասխան է ամեն ինչ արվել, չեմ կարծում, որ որեւիցե պատկան մարմին մերժեր: ԿԸՀ տվյալներով՝ այդ քանակի բողոքարկումներ չեն եղել, եւ 1988 ընտրատեղամասերում հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունները (այդ թվում նաեւ՝ «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ներկայացուցիչները): Ես գտնում եմ, որ թվերն արտահայտում են իրողությունը: Իհարկե, կարող էինք ավելի լավ ընտրություն անել, եւ որոշ մտահոգություններ, որ հնչում են այսօր, ես կիսում եմ: Բայց ես չեմ կիսում այդ գործելաոճը, որ առանց իրավական հիմնավորման քաղաքական պահանջներ են ներկայացնում: Ինչեւէ, ունենք մի իրավիճակ, որը լուծելու խնդիր կա: Ես միշտ էլ գտնում եմ, որ ցանկացած իրավիճակում միշտ էլ կարելի է լուծում գտնել՝ ի շահ պետության եւ ժողովրդի: Ի վերջո, հասարակության մի մասը, որը Րաֆֆիին ձայն է տվել, շատ ռադիկալ է տրամադրված, որ նա գնա ռադիկալ քայլերի: Րաֆֆիից դա են պահանջում նաեւ շատ քաղաքական ուժեր: Ես հասկանում եմ, որ «Ժառանգությունը» որոշակի ճնշումների տակ է: Բայց Րաֆֆիին ձայն տված 37 տոկոսի մեծ մասն էլ ձայն է տվել նրա համար, որ Րաֆֆին կատարի իր խոստացած բարեփոխումները: Հենց այստեղ է, որ պետք է լուծումը գտնել: Իսկ լուծումը ես այսպես եմ տեսնում. միշտ էլ կարելի է պահանջատեր լինելով 550 հազար ձայնին՝ հասնել այդ մարդկանց առաջ քաշած խնդիրների լուծմանը՝ գործող իշխանության պայմաններում, գործող իշխանության հետ որեւիցե ձեւով համագործակցելով՝ տեր կանգնել այդ ձայներին ու բարեփոխումներ իրականացնել:

Կարծում եմ՝ խնդիրը ժողովրդի եւ պետության համար բարի գործ անելն է, իսկ ես «Ժառանգությանը» հենց այդպիսի ուժ եմ պատկերացնում եւ միշտ դրական եմ վերաբերվել նրանց: Ես դեռ խորհրդարանական ընտրություններից հետո անձնական կարծիքս էի բարձրաձայնել, որպեսզի ԵԺԿ-ին անդամակցող երեք խորհրդարանական ուժերը կոալիցիա կազմեին. կամ այդ, կամ որեւէ այլ ձեւով միշտ էլ համագործակցության տարբերակ կարելի է գտնել, որ «Ժառանգությունը» կարողանա պահանջատեր լինել մեր երկրում կատարվող բարեփոխումների համար: Խնդիրն այն է, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կվարվի այդ ձայների հետ: Ակնհայտ է, որ ինչ-որ մի պահի իրավիճակը դուրս է գալու Րաֆֆի Հովհաննիսյանի վերահսկողությունից, որից հետո, կարծում եմ, հնարավոր է պետության մեջ որոշակի լարվածություն ստեղծվի: Բայց որ ոչ պակաս կարեւոր է, 550 հազար քաղաքացիների ձայներն արդյունավետ չեն օգտագործվի եւ նպատակին չեն ծառայի, ինչը, բնականաբար, կառաջացնի այդ ընտրազանգվածի հիասթափությունը:

– Վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ ՀՀԿ «երիտգվարդիայի» եւ «տարեց հնաբնակների» միջեւ հակասություններ կան՝ պետության հետագա զարգացում ապահովելու իրենց պատկերացումների առումով:

– Տարանջատումը այլ հարթության մեջ է արվում, որը բացարձակ գոյություն չունի: Տարիքն այստեղ կապ չունի: Կարեւորն այն է, թե մարդը՝ անկախ իր տարիքից, մարդկային ո՞ր տեսակին է պատկանում, ինչպե՞ս է պատկերացնում մեր պետության ապագան, իր երեխաների եւ թոռների ապագան ինչպե՞ս է պատկերացնում ՀՀ-ում եւ ըստ այդմ՝ ի՞նչ քայլերով է ուզում գնալ. նման մոտեցումների տարբերություններ կարող են լինել ամենուր, քանի որ որտեղ երկու մարդ, այնտեղ երկու կարծիք: Իսկ տարիքային տարանջատում ՀՀԿ-ում չկա:

– Իսկ ըստ մտքի, գաղափարի, մոտեցումների՝ ի՞նչ տարանջատումներ կան:

– Երբ ես ասացի, որ կարող են լինել նման մոտեցումներ, դա չի նշանակում, որ այս պահին ես կարող եմ կոնկրետ ասել՝ այս մարդիկ այսպես են մտածում, մյուսները՝ այնպես: Բնական է, կուսակցություն է, եւ յուրաքանչյուր մարդ ազատ է իր տեսակետն արտահայտել:

– Իսկ ի՞նչ հետեւություններ է արել իշխող կուսակցությունն այս ամենից, եւ առաջիկայում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կառավարությունում:

– Ես հիմա չեմ կարող կոնկրետ դեղատոմսեր առաջարկել, բայց որ գործող նախագահը ստացել է 58.64 տոկոս ձայն, նշանակում է մնացած տոկոսը մեզ դեմ են քվեարկել, այսինքն՝ հասարակության այդ մասը խնդիրներ է դնում մեր առջեւ: Դա մեր ժողովուրդն է, եւ իշխանությունը պարտավոր է լսել նրանց ձայնը: Ես կարծում եմ, որ մեզ մոտ բարեփոխումները շատ կտրուկ կերպով կիրականացվեն, ինչի մասին նախընտրական շրջանում բազմաթիվ անգամ հավաստիացրել է նախագահը: Բարեփոխումները մենք պետք է սկսենք շատ շուտ, դրանք պետք է տեսանելի լինեն, որպեսզի կարճ ժամանակաշրջանում հասարակությունը գնահատի: Դա պետք է եւ պետությանը, եւ հասարակությանը, եւ իշխանությանը:

– Հետընտրական շրջանում շահարկումների առիթ տվեցին նաեւ Շիրակի մարզպետի եւ մի քանի քաղաքապետերի հրաժարականի դիմումները, քանի որ դրանց իբրեւ հիմնավորում բերվում է այն, որ տվյալ վայրերում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ է հավաքել:

– Երբ ես իմացա, որ Շիրակի մարզպետը դիմում է գրել, շատ ափսոսեցի, որովհետեւ ինքը լավ մարզպետ էր եւ ամենակարեւորը՝ շատ անկաշառ, անբասիր մարդ է: Շիրակում չկա մեկը, որ ասի, թե ինքն իր պարտականությունների մեջ թերացել է կամ որեւիցե կոռուպցիոն ռիսկերի մեջ է: Ես դա ճիշտ չեմ հասկանում, ես դա չեմ ընկալում, երբ մամուլը, բոլորը շատ բնական են համարում եւ այդ ուղղությամբ են տանում, որ այնտեղ ընտրողներն այլ դիրքորոշում են ունեցել: Ի՞նչ է նշանակում, որ պետական պաշտոն զբաղեցնող մարդը, մանավանդ, որ ինքն անկուսակցական է, պետք է աշխատանքից դիմում գրի, ազատվի, եւ բոլորը դա բնական համարեն: Մի փոքր տեմպի տակ ենք եւ կարծես այս հրաժարականների շքերթից ուզում ենք ուրախանալ, բայց դրա մեջ լավ բաներ մի տեսեք: Եթե որեւիցե մեկը ազատման դիմում է գրում այն պատճառով, կամ նրա աշխատանքը փորձում են բացասական գնահատել, որ ի պաշտոնե ինքը լավ չի լուծել հասարակության առջեւ ծառացած խնդիրները, դա այլ բան է, բայց սա կապել ընտրությունների արդյունք ապահովել-չապահովելու հետ՝ ես համամիտ չեմ: Ուրիշ բան է, որ կարող էինք ասել՝ այ, եթե դուք ձեր տեղերում լավ աշխատեիք, կարող է հոգեբանական անհրաժեշտ մթնոլորտ լիներ, իշխանության նկատմամբ դրական վերաբերմունք: Միգուցե նման ձեւակերպումը տեղին է: Բայց ուղիղ կապել ընտրությունների արդյունքների հետ, փաստորեն, մենք ուղիղ ասում ենք, որ պետությունը եւ կուսակցությունը նույնացվել են: Ես այդ կարծիքին չեմ եւ չեմ ուզում, որ այդ մթնոլորտը, որը շատ հաճախ նաեւ մամուլն է ստեղծում, շարունակվի: Տեղական եւ պետական մարմինների գնահատականը պետք է տանք ըստ իրենց ֆունկցիաների կատարման:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728