Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլի եւ դասի իրավունք

Փետրվար 27,2013 13:41

Ինձ հարցնում են՝ ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի՝ դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձեւակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նույնիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների՝ պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից՝ իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի. մեզ մոտ կրեդիտային համակարգ է (կամ, համենայնդեպս, պիտի լինի), պարտադիր չէ՝ նստես դասերին, հանձնեցիր՝ կստանաս, չհանձնեցիր՝ հաջողություն: Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը՝ փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում եւ այլն՝ պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց «վերեւից» հրահանգում են իշխանության միջոցառումներին «գլխաքանակ» ապահովել, ինչը նրանք իրականացնում են «փողկապավոր» ՀՀԿ-ական «կոմսոմոլների»՝ այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:

Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ՝ ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաեւ ընդդիմադիր գործունեությունը: Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է՝ կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե՝ դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար եւ կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշեւիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան եւ լարել երիտասարդներին իրար դեմ: Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:

Մի խոսքով՝ մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք՝ առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար». «ով հայ ժողովուրդ…» եւ այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնաբարը» առօրյա լեզվով նշանակում է՝ «իմ ուզածով»: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեր տեսակետի համար, հերթական անգամ ՝ խորհին շնորհակալություն:

  2. Հայկ says:

    Պարոն Աբրահամյան, մենք պիտի մի բան հասկանանք. մարդիկ դժգոհ են ոչ թե ընտրությունների՝ պաշտոնապես հայտարարված արդյունքներից,այլ այն բանից, որ այդ արդյունքները ձեռք են բերվում կեղծիքների և անօրինականությունների միջոցով: Սրանք տարբեր բաներ են: Կարծում եմ՝ Դուք սա շատ լավ հասկանում եք: Արևմտյան մի շարք պետություններում ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուին անմիջապես շնորհավորում է երկրորդ տեղը գրաված թեկնածուն,վերջինիս համակիրները փոքր ինչ հուզվում են և գնում են տուն՝ հաստատ համոզված լինելով, որ իրենք պարտվել են արդար մրցակցության ընթացքում: Իսկ մեր իրականությունն արմատապես տարբերվում է այս իրավիճակից: Պատկերացրեք մի խումբ մարդկանց առջև, ընկերական շրջապատում Դուք սպիտակներով շախմատ եք խաղում և խաղի ընթացքում սևերով խաղացողը ձեռքով վերցնում և առանց որևէ բացատրության դեն է նետում Ձեր ձին,այնուհետև՝ մի քանի քայլ հետո նավակը, զինվորը, թագուհին:Ի՞նչ կանեք Դուք և խաղը նայող Ձեր շրջապատը: Ձե՞ք զայրանա արդյոք սևերով խաղացողի վրա, որն առանց կանոնների շախմատ է խաղում և Ձեզ մատ է հայտարարում:Իհարկե կզայրանաք, նրան կկշտամբեն նաև խաղը նայողները: Այժմ այդ իրողությունն Է:

  3. Arminius says:

    Հրապարակված հոդվածից հետևում է, որ մանուկ հասակից դուրս եկող պատանիներն ու օրիորդները բաժանվելով տարբեր խմբերի կարող են անել ամենինչ, եթե դա արգելված չէ Սահմանադրությամբ և այլ օրենքներով, հետևելով պաստուլատային ճշմարտությանը՝ «Ինչն արգելված չէ, ուրեմն օրինական է և ճիշտ»։
    Համոզված եմ, որ պարոն Ա.Աբրահամյանը քաջ գիտակցում է, որ ինչպես ԻՔՍ, այնպես էլ ԻԳՐԵԿ խմբերի անձանց վերը նշված «ակցիաները» ինքնաբուխ չէն, այլ կազմակերպված են ավելի հասուն տարիքի անձանց ջանքերով, ովքեր իրենց նեղ անձնական և շատ դեպքերում նաև ստոր նպատակներն ու իղձերը փորձում են իրականություն դարձնել նաև անմեղ երեխաների ոչ հասուն ձայնը և թվաքանակն օգտագործելու միջոցով։
    Այդ խմբերի անձանց միջև տարբերությունը նրանում է, որ իշխանության օգտին ակցիաների մասնակիցները, որպես կանոն գտնվում են իրենց ծնողների, դասախոսների և հայտնի այլ անձանց ուշադրության ներքո և գործում այդ անձանց ակտիվ կամ պասիվ աջակցությամբ։ Հասկանալի է, որ ծնողն իր երեխային վատը չի ցանկանում…
    Մյուս խմբի «երեխաների» գործողությունները անկասկած ղեկավարվում և կազմակերպվում են, բայց ոչ թե ծնողների, դասախոսների կամ լեգալ այլ անձանց կողմից։ Այդ երեխաների գործողությունները գովազդվում են իբրև ազատ կամքի արտահայտման ինքնաբուխ հերոսական հեղափոխական շարժում, որին չմիացողները դավաճան ստոր արարածներ են։
    Գտնում եմ, որ Ձեր նման «լեզու և բերան» ունեցող մարդիք պարտավոր են ասել ոչ թե, կամ ոչ միայն այսպես կոչված քառակուսի «եվրոպաամերիկյան ճշմարտությունը», այլ հաշվի առնելով յուրաքանչյուրի անձնական և բոլորիս ազգային և պետական շահերի դրական համակցությունը սերմանել խաղաղություն, հարգանք և սեր։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728