Հունվարի 29-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա Նոյեմբերյան քաղաքի ղեկավարությանը հարցրել է, թե Նոյեմբերյանում որեւէ ծրագիր իրականացնելու համար ի՞նչ խնդրանք ունեն: Ս. Սարգսյանը որեւէ խնդրանք չլսելով՝ ինքն է առաջարկել Նոյեմբերյանի մարզադաշտի համար տրիբունայի շինարարությունը պետբուջեից ֆինանսավորել: Դրանից հետո, որպեսզի այդ գործը պատշաճ ընթացք ունենա, Նոյեմբերյան քաղաքի ավագանին նիստ է գումարել եւ ֆուտբոլի խաղադաշտի տրիբունայի շինարարությունը ֆինանսավորելու խնդրանք-ուղերձով դիմել Սերժ Սարգսյանին:
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվեց Նոյեմբերյան քաղաքի բոլոր՝ 3 ընտրատեղամասերում: Հիմա մտավախություն կա, որ Սերժ Սարգսյանը կարող է կյանքի չկոչել Նոյեմբերյանի մարզադաշտի տիբունայի կառուցումը:
Նշենք, որ 2007 թվականից մինչեւ հիմա պետբյուջեից Նոյեմբերյանի մարզադաշտի վերակառուցման համար հատկացվել է 165 միլիոն դրամ: Այդ գումարով Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն ընդլայնել է մարզադաշտի տարածքը, հենապատեր կառուցել, խաղադաշտը ոռոգելու համար խողովակներ անցկացրել, խաղադաշտում խոտ է ցանել, կառուցել երկհարկանի շենք, որտեղ ֆուտբոլային թիմերի համար նախատեսված հանդերձարաններ եւ երկու փոքր մարզադահլիճներ են: Խաղադաշտը սակայն դեռեւս չի շահագործվում: Մարզադաշտի վերակառուցումը ձգձգվում է 6 տարի: Դրա հետեւանքով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում հանդես եկող Նոյեմբերյանի մանկապատանեկան թիմը խաղերն անցկացնում է Կողբի կամ Հաղթանակի մարզադաշտերում: Մարզադաշտի վերակառուցման ձգձգման պատճառները երկուսն են՝ բյուջեից «կտոր-կտոր» ֆինանասավորումը եւ այն, որ տարածքի հետ կապված վեճ ու դատական գործընթացներ կային քաղաքապետարանի եւ մարզադաշտի հարեւանությամբ տարածք ունեցող նոյեմբերյանցի անհատ ձեռնարկատեր Սամվել Գիշյանի միջեւ:
Նոյեմբերյանի մարզադաշտի կառուցապատման ծրագրով տրիբունաների շինարարություն նախատեսված չէր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ