Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ասում են տեղ չկա, որովհետեւ վերեւներն արգելել են
Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմի անդամներով տասնյակ բնակավայրեր շրջելուց հետո պիտի գիշերեր Ագարակում, որից հետո բարեւարշավը շարունակեր Սյունիքի մարզում:
Սակայն այսօր Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, թե ինչպես են Ագարակում եւ Մեղրիում փորձել որեւէ գիշերելու տեղ գտնել հյուրանոցներում ու մերժվել են՝ իմանալով, թե ում համար է պետք:
«Ես կեսգիշերին զանգում եմ Մեղրի կամ Ագարակ, ուզենալով, որ մեր գործընկերները որեւէ հյուրանոցում մնան, մեզ հարցնում են, թե ո՞ւմ համար է, իմանալով, որ իմ համար է,ասում են՝ տեղ չկա, որովհետեւ վերեւներն արգելել են: Բայց Մեղրին կամ Ագարակը, Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չէ: Ես վստահ եմ, որ դուք համաձայն եք դրա հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քաղաքապետին:
Կարդացեք նաև
Քաղաքապետը պատասխանեց, թե՝ «ներողություն, իսկ ինչո՞ւ ինձ չեք զանգել»: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ բացատրեց՝ «Դուք հյուրանոցի տեր չեք: Դուք հյուրանոցի տե՞ր եք, թե՞ չէ»: Քաղաքապետն ասաց, որ չէ, հյուրանոցի տեր չէ:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «միլպետ է, մարզպետ է, բոլորը պիտի պատասխան տան օրենքի առաջ: Արշավիր, Սուրեն, Սերժ, Րաֆֆի, եթե մենք վրիպել ենք օրենքի առաջ, պիտի պատասխան տանք»:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ժամը 3-ին խոստացել է Սյունիքի մարզպետարանի մոտ պահանջել մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը: Նա հիշեցրեց, որ հենց Կապանում՝ իր գրասենյակի առջեւ Կապանը հաղթեց, որովհետեւ կապանցիներն իր հետ էին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ