Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը իր գործողությունները պետք է ռադիկալացնի»

Փետրվար 27,2013 13:12

«Ընդհանրապես ցանկացած համակարգի, այդ թվում նաև պետության արտաքին և ներքին իրավիճակները փոխպայմանավորված են: Պետություն ստեղծելու նախագիծ և գերնպատակ չկա և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք ակամա ստացանք ինքնիշխանություն: Հայաստանյան քաղաքական դասը, որն այդ ժամանակ էր ձևավորվում՝ պատրաստ չէր պետություն ձևավորելու և կառավարելու համար: Մեր պետությունը ձևավորվեց աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի օրակարգում, և այդ օրակարգում էր նաև մեր պետության գլխավոր ռազմավարական խնդիրը` Արցախի հարցի լուծումը»,- այսօր այս մասին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում ասաց իրավաբան, պահեստազորի գնդապետ Վարդան Ավետիսյանը:

Ըստ նրա, այդ երկու պատճառներով մեր պետության կառավարման համակարգը վերածվեց մի կուռ համակարգի, որը մեր ազգային շահերի հաշվին ծառայում է օտար ուժերի աշխարհաքաղաքական շահերին: «Ըստ էության դա կատարվում էր մեր ժողովրդի շահերի հաշվին: Նման համակարգի մեջ ընդգրկվեց նաև բանակը»:

Բանախոսի խոսքով` բանակում ձևավորվել է օրենքի հիման վրա չձևավորված համակարգ. «Բանակում չկա արժանապատվություն, չկա արդարություն, չկա ազատություն, որը նկատում է հակառակորդը և ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ է անում, փորձելով` մեր ուժը: Մենք ներսից թույլ ենք և բարոյահոգեբանական վիճակը վատ է այնտեղ»,- ընդգծեց նա:

«Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ասաց, որ ժամեր առաջ իշխող համակարգի կողմից եղել է պրովոկացիա, որի հետևանքով դասադուլի դուրս եկած երիտասարդներից մեկի թևը վնասվել է: «Այս պահին ավելի մանրամասն ոչինչ չգիտեմ միջադեպի հետ կապված: Ես ուզում եմ ողջունել մեր երիտասարդությանը, ուսանողությանը եռանդուն սկզբի համար»: Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն է հայտնում, որ երիտասարդներն իրենց պայքարի ընթացքում լինեն համախմբված և միշտ շոշափեն քաղաքական զարկերակը և շոշափելով ներգործեն ներքաղաքական կյանքին: «Այս ընտրությունները մենք կոչել ենք չընտրություններ»,-ասաց նա:

Պայքարի վերջնակետին հասնելու համար Ժիրայր Սեֆիլյանն առաջ է քաշում հինգ կարևոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն. «Առաջին`հստակ ձևակերպել մեր պատկերացրած երկրի տեսլականը և դրան հասնելու ծրագիրը: Երկրորդ` փորձել հնարավորինս համախմբել հայության մտավոր և գաղափարական ուժը: Երրորդ` քաղաքական սերնդափոխություն, նկատի ունենալով` որակական մասը, և ոչ թե տարիքային: Չորրորդ` վերջապես ձևավորել կոլեգիալ որոշումներով առաջնորդվելու սկզբունք, և վերջինը` գտնել այն մեխանիզմը, որը պետք է կանխարգելի տականքների իշխանության հասնելը»,-նշեց բանախոսը:

Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Ր. Հովհաննիսյանի բռնած ճանապարհը չի հանգեցնի մարտի մեկի:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայատարարություններին, պրն. Սեֆիլյանն ասաց.» Լավ է, որ մենք նույնանման ենք մտածում, բայց Փաշինյանը ավելի մակերեսային է մտածում, իսկ մեր պատկերացումներն ավելի խորքային են: Ես գտնում եմ, որ Ր. Հովհաննիսյանը իր գործողությունները պետք է ռադիկալացնի: Միայն այսպես եմ տեսնում նրա հետագա ընթացքը»,-ասաց նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728