Լրահոս
Օրվա լրահոսը

«Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան Սերժ Սարգսյանը». Ավետիք Իշխանյան

Փետրվար 27,2013 12:51

Այսօր «Մեդիա կենտրոնում» Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը ներկայացրեց կոմիտեի իրականացրած դիտորդական առաքելության վերջնական արդյունքները:

Դիտորդություն անելը բավականին բարդ գործ է, նշեց Իշխանյանը հավելելով, որ դժվար է գտնել մարդկանց, որոնք կարող են լինել անաչառ, չգայթակղվող եւ համարձակ. «Հայաստանում դիտորդություն անելը նշանակում է այս ամենի հանրագումարը ու այդքան մարդ գտնելը դիտորդության համար` դժվար է»:

Դիտորդական առաքելությունն անցկացվել է Աջափնյակ վարչական շրջանում 2013 թվականի փետրվարի 18-ին, ՀՀ նախագահական ընտրությունների օրը: Աշխատել են 104 դիտորդ: Իշխանյանի փոխանցմամբ`«Եղել են դեպքեր երբ նույնիսկ ահաբեկել են, բայց հետո ամեն ինչ հարթվել է: Բոլոր ընտրատեղամասերի տերերը Սերժ Սարգսյանի վստահված անձինք էին, ու դա միանգամից զգացվում էր, թե ով է տվյալ տեղամասի դիրիժորը: Ուղղորդումների եւ ընտրակաշառքի դեպքեր են արձանագրել, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Մեր դիտորդների շնորհիվ հնարավորինս կոպիտ խախտումներ չեն եղել: Մեր գնահատականն այն է, որ եղել են կոպիտ խախտումներ եւ ասել, թե միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են եղել` չեմ կարող ասել»:

Դիտորդը լսել է, թե օրինակ 6/12 ընտրատեղամասում ինչպես է Սերժ Սարգսյանի վստահված անձը երկու կնոջ 40 հազար դրամ առաջարկում: 6/14-ում` երկու հոգի զանգել են տարբեր հեռախոսահամարներով եւ մարդկանց ուղղորդել, որ գնան ոմն Գագիկ Խաչատրյանից ստանան 5000-ական դրամները: 6/15 տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Արշակ Շահնազարյանը ընտրողներին ուղղորդել է գրանցման սեղանի մոտ, քաղաքացիներին հուշել եւ այլն:

Aravot.am-ի հարցին պատասխանելով, Ավետիք Իշխանյանը նշեց, որ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներն իր համար սպասելի էին, որովհետեւ առանձնապես տարբերություն չկար. «ԿԸՀ-ն մի կողմից կարող է արդարանալ, որ ինքը միայն ամփոփում է արդյունքերը, իհարկե կարող էր վերահսկողություն սահմանել: Ես այդ արդյունքներին սպասում էի այնպես, ինչպես, որ միշտ եղել է Հայաստանի պատմության մեջ: Հայաստանում որեւէ անկախ մարմին չկա, սկսած դատարաններից, իսկ ինձ համար այս ընտրություններն ընդունելի չեն: Բայց մի բան պարզ է` Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ կարելի է ավելի քիչ ռեսուրսներով պայքարել ու հասնել լավ արդյունքի»,- ասաց Իշխանյանը՝ նշելով, որ համոզված է՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան Սերժ Սարգսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728