Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարեւի՞ Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 1-ին

Փետրվար 27,2013 12:26

Երեկ«Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կողմից մարտի 1-ին միջոցառումներ անցկացնելու առնչությամբ տեղեկատվությունների պակաս չզգացվեց:

Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, ի գիտություն ընդունեց Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի` մարտի 1-ին ժամը 17.00-19.45 Մյասնիկյանի արձանին հարող տարածքում հավաք անցկացնելու վերաբերյալ: Իսկ ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն էր ընդունել մարտի 1-ին հավաք-երթ անցկացնելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած հայտը, այդ հավաքը նախատեսվում էր ժամը 18.00-ին սկսել Ազատության հրապարակից, այնուհետեւ մասնակիցները պետք է երթ անցկացնեին դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածք:

Երեկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրատվամիջոցներին պարզաբանում էր, թե մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հանրահավաքը եւ ՀԱԿ-ի երթը չեն համընկնի․ «Մենք այնպես ենք պլանավորել, որ մեր գործընկեր կուսակցության ներկայացուցիչների միջոցառմանը չխանգարենք»: Իսկ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը 168.am-ին տեղեկացրել էր, որ քաղաքապետարանը երկու իրազեկումն էլ ի գիտություն ընդունելիս հաշվի է առել միջոցառումների անցկացման ժամանակացույցը․ «Մեկը մյուսին չի խոչընդոտում եւ չի խանգարում: Ամեն ինչ հաշվարկված է եւ տրամաբանական: Եթե տեսնեինք, որ իրար խանգարում են, կառաջարկեինք փոփոխություններ անել»:

Թեեւ սոցիալական ցանցերում ՀԱԿ ակտիվիստները դեռ երեկ ակտիվորեն կոչ էին տարածում՝ մասնակցել ՀԱԿ հանրահավաքին եւ երթին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը ․ «․․․Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել Ժառանգություն կուսակցությանը։ 2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր եւ կարեւորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսեւորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը եւ, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին եւ համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին», ասվում էր ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստացի ՀԱԿ-ը իր կողմնակիցներին կոչ է անում հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ այն նույն ժամին, երբ հավաքված կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները: Համենայնդեպս ՀԱԿ ներկայացուցիչները երեկ այդպես էին պարզաբանում՝ հավելելով, որ մինչեւ հայտարարության տարածումը «Ժառանգության» հետ նախօրոք որեւէ պայմանավորվածություն չի եղել: «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում բառացիորեն ասել է հետեւյալը․ «Մեր հավաքը Մյասնիկյանի արձանի մոտ է: Մենք խնդիր չենք տեսնում, եթե ՀԱԿ-ը այդպես է որոշել: Ժողովրդական շարժմանը միացել է Դաշնակցությունը, այլ քաղաքական ուժեր…եթե ՀԱԿ-ն էլ որոշի միանալ ժողովրդի շարժմանը, մենք որեւէ խնդիր չենք տեսնում եւ իհարկե՝ մենք կողջունենք»:

Այլ կերպ ասած, «Ժառանգության» խոսնակը ամրագրել է, որ այժմ Ժողովրդական շարժումը իրենք են ղեկավարում, նրանց է միացել ՀՅԴ-ն, եւ եթե ՀԱԿ-ը ցանկություն ունի միանալ Ժողովրդական շարժմանը՝ իրենց գործն է:

ՀԱԿ-ի որոշումը ճիշտ էր նախեւառաջ այն առումով, որ իսկապես չարժեր հասարակությանը այդ ողբերգական հիշողությունների օրը կիսել երկու ընդդիմադիր ճամբարների միջեւ, եթե անգամ համարենք, որ քաղաքացիները ֆիզիկապես կարող էին երկու միջոցառումներին էլ մասնակցել: Իհարկե ՀԱԿ-ը իր այս քայլով հետագայում հնարավորություն կունենա հնչեցնելու, թե Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ հավաքվածների մեծ մասը դրանք ՀԱԿ-ի համակիրներներն էին, ինչպես մեր օրերում փորձում են համոզել, որ Ր․Հովհաննիսյանի ստացած ձայների մեծ մասը ՀԱԿ-ի ընտրազանգվածինն է, թեեւ կոչ էին արել չմասնակցել ընտրական ֆարսին։

Ինչեւէ, բոլորի համար էլ պարզ է, որ մարտի 1-ին երկու ընդդիմադիր ուժերի միջոցառումների նշանակման, դրանից հետո միմյանց չխոչընդոտելու մասին ծավալվող խոսակցությունները ամենեւին էլ միայն տեխնիկական չեն: Եթե ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» մարտի 1-ին իրենց բողոքը իշխանությունների նկատմամբ արտահայտեն նույն վայրում, սա նախ հասարակության կողմից դրական կընկալվի, իսկ մյուս կողմից կնշանակի, որ այս երկու ուժերը չեն սպառել միմյանց հետ ճանապարհ անցնելու հնարավորությունները եւ կամուրջները վերջնականապես այրված չեն:

Արդյոք ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը կգա՞, կկանգնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին նույն հարթակում, եւ չի կրկնվի երկու տարի առաջ Ազատության հրապարակի նախադեպը, երբ մարտի 17-ի ՀԱԿ հանրահավաքի օրը Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Ազատության հրապարակում գտնվող Ր․Հովհաննիսյանին, չբարեւեց նրան, ապա մի քանի օր անց պարզաբանեց, թե ինչու․ «Որովհետեւ դա հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին։ Քրիստոնեությունն ինձ համար, կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել, բարոյական կոդեքս է։ Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների՝ բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ՝ ծոմապահության ցուցադրականությունը։ Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել։ ․․․Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, հրապարակային ծոմապահության փոխարեն, կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»։

Մարտի 1-ին թերեւս հասարակությունը կփորձի մեկ հարցի պատասխան ստանալ՝ Տեր-Պետրոսյանը պատրա՞ստ է զորակցություն հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ՀԱԿ-ի հանրահավաքի չեղյալ հայտարարելը այլ դրդապատճառներ է ունեցել՝ Ազատության հրապարակում ոչ մեծ թվով մարդկանց հավաքվելու մտավախությունից սկսած, մինչեւ այլ՝ իշխանական «դավադիր ծրագրերը» ձախողելու մղումը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Lili says:

    դա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է մտածի Բարեւն առնել թե՞ ոչ:Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իրեն տված բարեւին վախեցավ պատասխանել ու նեղացրեց բարեւի հասցեատիրոջը:Լավ կլիներ մեկնաբանության մեջ անունների տեղերը փոխվեր:

    • Վարդան says:

      Ի դեպ, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի՝ Րաֆֆին այդպես էլ ազնիվ չգտնվեց ասելու, որ 2008-ին Տեր-Պետրոսյանն էր ընտրվել: Մինչև հիմա Սերժ Սարգյանի մասին խոսելիս ասում է 3-րդ նախագահ… Իսկ դուք ընկել եք բարև, չբարևի հետևից, փոխանակ քաղաքական կամ մարդկային ազնվությունից խոսելու:

  2. Վարդան says:

    Փաստերը մի խեղաթյուրեք, Դաշնակցությունը չի միացել, Արմեն Ռուստամյանի հրապարակ գալը դեռ չի նշանակում, թե Դաշնակցությունը միացել է: Դաշնակցությունը չի հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են և փաստացի նախագահ է ընտրվել Րաֆֆին: Ու երբեք էլ նման հայտարարություն չեն անի: Միայն Տեր-Պետրոսյանն է ազնվություն ունեցել այդ հարցում հստակ տեսակետ արտահայտելու, այն է՝ ընտրությունները կեղծվել են և նախագահ է ընտրվել Րաֆֆին: Խորհուրդ եմ տալիս դիմել Դաշնակցություն կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ հետևյալ հարցումով:
    1. Ընդունում եք արդյոք, որ ընտրությունները կեղծվել են:
    2. Ընդունում եք արդյոք, որ ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
    3. Ձեր կուսակցականներին, ձեր համակիրներին կոչ անում եք արդյոք միանալ, մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728