Քիչ առաջ դասադուլավորները «բարեւ» ասելով մոտեցան Ագրարային համալսարանի շենքին, իսկ այստեղ նրանց դիմավորեցին համալսարանի ուսանողներն ու դասախոսները՝ պրոռեկտոր Յուրի Մարմարյանի գլխավորությամբ՝ հաջողություն ասելով: Ի պատասխան դասադուլավորները գոռացին՝ մենք ենք տերը մեր երկրի, ազատ, անկախ ուսանող:
Այստեղ միջադեպ տեղի ունեցավ համալսարանականներից մեկի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի միջեւ: Նրա պատմելով՝ համալսարանականներից մեկը ինչ-որ կոշտ իր է գցել իր գլխին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ համալսարանականներին նկատողություն է արել եւ լրագրողին հորդորել, որ եթե կան գրավոր փաստարկներ, թող ներկայացնի ոստիկանություն:
Ագրարային համալսարան հասնելուց առաջ դասադուլավորները Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ պետհամալսարանի «սեւ շենքի» մոտով անցան:
Բժշկական համալսարանում դասադուլավորներին դիմավորեցին ուսխորհրդի մի քանի անդամներ եւ դասադուլավորներին կոչ արեցին հեռանալ. «Դասադուլ անողներ, հելեք գնացեք, արա, խանգարում եք»: Հետո բժշկական համալսարանում դասադուլավորներին դիմավորած ուսխորհրդի անդամներից մեկն էլ պահանջեց դասադուլի կազմակերպիչի հետ զրուցել՝ պարզելու դասադուլի նպատակը. «Արդեն երրորդ օրն է, գալիս եք ու դասադուլ եք մուրում, ո՞վ է կազմակերպիչը, թող մոտենա խոսենք, զրուցենք» Դասադուլավորները հրաժեշտ տվեցին հավաքվածներին ու հեռացան:
Կարդացեք նաև
«Սեւ շենքի» մոտ դասադուլավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ԵՊՀ դասախոս Բաբկեն Հարությունյանի հիշատակը ու լուռ հեռացան:
Այս պահին դասադուլավորները շարժվում են դեպի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ պետական օրհներգը երգելով եւ «Հայաստան» վանկարկումներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Իսկ թե ինչ էր կատարվել ԵՊՀ առջեւ՝ դիտեք «Լուրերի» տեսանյութում