Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային բարեւարշավը շարունակվում է: Քիչ առաջ նա Ագարակում էր, իսկ այժմ շարժվում է Մեղրի:
Դեռ երեկ արարատցիները խնդրում էին ժառանգականներին, որ մի քայլ ձեռնարկեն, մի բան անեն, օգնեն իրենց հանրահավաքի օրերին հասնել մայրաքաղաք, քանի որ ոստիկանները ճանապարհները փակում են եւ խոչընդոտում: Ուստի այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն Ագարակում զգուշացրեց միլպետին, բոլոր պաշտոնյաներին, որ չհամարձակվեն խոչընդոտել բնակիչների ազատ տեղաշարժը. «Ովքեր մինչեւ օրս խոչընդոտել են ազատ տեղաշարժը Մեղրի, Ագարակ եւ Երեւան ուղղություններով, փետրվարի 28-ին, ժամը 5-ին, մարտի 2-ին՝ ժամը 5-ին արտոնված հանրահավաք ունենք Ազատության հրապարակում, եւ եթե դուք կրկնեք միլպետ կամ ցանկացած պետ՝ քաղաքապետ, եթե դուք կրկնեք այդ խոչընդոտումը, անուն առ անուն պիտի պատասխան տաք: Ներում չի լինելու: Ներողությունը կա՛մ հիմա, կա՛մ երբեք: Նրանք, ովքեր ներկա են այսօր, չեն վախենում: Նկարեք բոլորի դեմքերը, նկարե՛ք, տղերք: Նկարեք, որովհետեւ սրանք Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, իրավական, սահմանադրական քաղաքացիներն են»:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Արրյանի հայտարարությանը. «Շատ ճիշտ է այդ մարդը, չգիտեմ, արծիվ է, արծվի կազմակերպություն կա, որը Նժդեհ է ասում, բայց Նժդեհից շատ հեռու են: Բայց իրենք ճիշտ են ասել մարզպետների մասին»:
Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը կոչ էր արել մարզպետներին ոչ թե փախչել Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններից, որովհետեւ այդպես նրան ուժեղացնում են, այլ անձամբ դիմավորել նրան եւ մասնակցել նրա հավաքներին:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ինքը ժողովրդի հետ միասին պահանջելու է մարզպետների հրաժարականը. «Կամ ներողություն, կամ դատարանի առջեւ պատասխանատվություն: Կեցցե Ագարակը, կեցցե Սյունիքը եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը: Մենք հաղթել են մինչեւ վերջ»: Հավաքվածները գոռում էին «հաղ-թա-նակ»:
«Ժառանգության առաջնորդի ելույթից հետո մի ագարակցի, վերցնելով բարձրախոսը հայտարարեց, որ «96-ից մինչեւ հիմա բոլոր ընտրությունները կեղծվել են: Ոչ մի նախագահ չի ընտրվել: Պարզ եմ ասում: Արեք ժողովրդին ստրուկի տեղ մի պահեք: Ժողովուրդը աղքատ է, մեղկ է: Հերիք է, բոլ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ագարակում ոչ մի կին չի վերցրել բարձրախոսը և նման խոսքեր չի հնչեցրել:Տեղեկությունները խեղաթյուրված են: