ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ կուսակցության հասցեին հնչող քննադատություններին, ԱԺ դահլիճում որոշեց հակադարձել «Ժառանգության» պատգամավորներին։ Դիմելով այդ խմբակցության իր գործընկերներին, նա ասաց. «Եթե ճգնաժամ կա, դա հասարակության մեջ չի, ճգնաժամը սահմանափակ մարդկանց ուղեղներում է, որոնք չգիտես ինչու ընտրական հանձնաժողովի արդյունքները կարող են դնել մի կողմի վրա, համարել, որ դա կարևոր չի, կարեւորը ընդամենը իրենց ցանկությունն ա։ Դուք կարող եք շատ ցանկություններ ունենալ, հավաքվեք, ձեր ցանկությունները արտահայտեք, խնդրեմ։ Բայց մեր աշխատանքից մեզ մի շեղեք, մենք կարևոր գործի վրա ենք հիմա»։
«ՉԻ»-ն փորձեց պատգամավորից տեղեկանալ, թե ինչո՞ւ է միայն ինքը սրտին այդքան մոտ ընդունում հարազատ կուսակցության հասցեին հնչող քննադատությունները։ Հիշեցնենք, որ նախորդ գումարման ազգային ժողովում, երբ պատգամավոր Անահիտ Բախշյանը ուրիշի փոխարեն քվեարկողներին գտնելու նպատակով սկսել էր հաշվել պատգամավորների գլուխները, այդ հանգամանքը շարժել էր միայն Բադեյանի զայրույթը, եւ նա «ՉԻ» հետ զրույցում նշել էր. «Վիրավորում են։ Կասկածում են, որ ես գող եմ։ Կանգնում են գլխներիս ու բերդի պետի ֆունկցիա են վերցնում իրենց վրա։ Բայց ո՞վ ա ասում, թե ես պետք ա՞ խախտում անեմ։ Ես էլ կասկածում եմ, որ ինքը «պլան ա քաշած»։ Ջեբերը պլան կա, ստուգե՞մ»։
Երեկ ի պատասխան «ՉԻ» հարցադրմանը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ես արդեն սրտիս մոտ եմ ընդունում տրամաբանությունից դուրս հայտարարությունները, որովհետեւ ես չեմ կարողանում ընկալել, թե ինչ իմացան, որ «Ա» թեկնածուն «Բ» թեկնածուից ավել ձայն ա ստանում։ Բացի ընտրական հանձնաժողովների արդյունքները ամփոփելուց ուրիշ ձեւ չկա։ Ընտրական հանձնաժողովների բոլոր թվերը թափանցիկ դրված ա։ Բոլոր ընտրատեղամասերում ներկայացված են եղել քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եւ չկա մի դեպք, որ որեւէ հանձնաժողովի անդամ հակառակված լինի կամ մասնավոր կարծիք հայտնած լինի»։ «ՉԻ» այն նկատառմանը, թե ընտրակեղծիք կատարելու դեպքերի առնչությամբ որոշ անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, պատգամավորը հարցով պատասխանեց. «Բայց իշխանություններն են, չէ՞, գործ հարուցել»։
Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ
Կարդացեք նաև
«Չորրորդ ինքնիշխանություն»