Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» թերթի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ուենցել փետրվարի 25-ին՝ 1988թ. Սումգայիթում հայերի ջարդերի հիշատակի արարողության ընթացքում: Միջոցառումը կազմակերպել էր ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլոունը, և այն կրել է «Սումգայիթյան դեպքերից 25 տարի անց. ներկա վիճակն ու ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար» խորագիրը: Ներկա են եղել ֆրանսիացի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնացկել են նաև ֆրանսիայում սովորող ադրբեջանցի ուսանողներ Միրվարի Ֆատալիևան և Վուսալ Հուսեյնովը: Վերջիններս սկսել են հակահայկական կոչեր բղավել: Բացի այդ՝ երբ միջոցառման մասնակիցներին կոչ է արվել մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը, ադրբեջանցիները ոտքի չեն կանգնել: Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը մոտեցել է նրանց՝ հարցնելու՝ ինչու ոտքի չեն կանգնում: Նրանցից մեկն ասել է, թե նույն այդ օրերին Ադրբեջանում նշվում է Խոջալուում հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականցված «ցեղասպանության» տարելիցը: Նրանցից մեկը հարվածել է Վարժապետյանին, ինչը տեսնելով, հայերը օգնության են շտապել և կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել: Միջադեպից ոչ շատ ուշ Ֆրանսիայի ԱԺ է եկել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը և դատապարտել կատարվածը: APA-ի հաղորդմամբ՝ «հայերը փակել են դահլիճի դռները և գազանաբար ծեծել են ադրբեջանցի ուսանողներին, որոնց վիճակը այժմ ծանր է»:
Ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, կանխամտածված են եկել՝ տապալելու միջոցառումը և սադրելու դրա մասնակիցներին:
«Օրակարգ»