Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, «Բարգավաճին» առաջարկեց միանալ «շարժմանը»՝ հույս հայտնելով, որ կկանգնեք «ժողովրդի կողքին»։ Մտադի՞ր եք արձագանքել «Ժառանգության» հրավերին։
Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին՝ ԲՀԿ մամուլի խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ երեկ նշեց.
«Ի՞նչ է նշանակում՝ կանգնել ժողովրդի կողքին։ Որտե՞ղ էր Ր.Հովհաննիսյանը, երբ ԲՀԿ-ն ժողովրդի հետ էր, ժողովրդի մեջ էր, ժողովուրդն էր եւ է։
Իմ եւ իմ մյուս գործընկերների ամենօրյա աշխատանքից շահում է միջին վիճակագրական, վիճակագրականից ցածր կենսակերպ ունեցող քաղաքացին՝ տաքսիստներից մինչեւ ատամնաբույժներ։ Էդ ե՞րբ էր ԲՀԿ-ն ժողովրդից կտրվել, որ հիմա գնա, կանգնի ժողովրդի կողքին։
Ասում են՝ մեր հայտարարությունը լղոզված է։ Ի՞նչն է լղոզված, եթե հստակ ներկայացրել ենք մեր տեսակետները, փաստել, որ ժամանակի հրամայականը միասնական օրակարգի մշակումն է, որտեղ կետ առ կետ ներկայացված կլինի գործողությունների «ճանապարհային քարտեզը», որոնք, ցավոք սրտի, չընդունվեցին մեր գործընկերների կողմից։
Մեզանից ուզում են լսել արձագանք, բայց մեզ ոչ ոք ոչինչ չի առաջարկում, բացի ոչինչ չասող ընդհանուր արտահայտություններից՝ ժողովուրդը «հաղթել է», «տեր է կանգնելու իր քվեին» եւ այլն»։