Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմի Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ մասին նա հայտարարեց նախօրեին կայացած ասուլիսում, թեեւ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցը դեռ կքննարկվի, եւ իրենց վերջնական որոշման մասին տեղյակ կպահեն հանրությանը:
Նշենք, որ Հայաստանում կայացած գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո քվեարկության վերջնական արդյունքներից դժգոհ թեկնածուները դիմել են Սահմանադրական դատարան: ՍԴ-ում բողոքարկվեցին նաեւ անցած տարի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, սակայն ապարդյուն: Այս շարքում թերեւս միայն 2003-ին Գագիկ Հարությունյանը ոչ միանշանակ որոշում կայացրեց՝ առաջարկելով նորընտիր Ազգային ժողովին եւ ՀՀ նախագահին մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե կազմակերպել, որը, սակայն, այդպես էլ չկայացավ: Արդյունքում պարզվեց, որ դա ընդամենը ժողովրդական շարժումը ճնշելու, շեղելու միջոց էր, իսկ 2004-ին արդեն Ռոբերտ Քոչարյանը հաջողությամբ ճնշեց շարժումը եւ Բաղրամյան պողոտայի վրա ջրցան մեքենաներով ու ծեծով ճանապարհեց փողոց ելած մարդկանց:
Նույն Գագիկ Հարությունյանը մերժեց նաեւ 2008-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումը, չնայած ընտրախախտումների մասին ահազանգող փաստերն անառարկելի էին: 2008-ին ՍԴ դիմում ներկայացրած խմբի ղեկավար, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը մեզ հետ զրույցում քիչ հավանական համարեց, որ այս անգամ ՍԴ-ն դրական որոշում կկայացնի, քանի որ, նրա դիտարկմամբ, 2008-ին խախտումներն ավելի ակնհայտ էին, քան հիմա: Եվ եթե 2008-ին իրենց դիմումը, որը, Օհանյանի խոսքով, անհրաժեշտ ձեւով փաստարկված էր, մերժվեց, ապա հիմա կմերժվի ու կմերժվի: «Ակնհայտ փաստարկներ հիմա կարծես թե չկան, ինչ էլ որ կա, ավելի շատ հիպոթեզային մակարդակի են: Եվ եթե այն ժամանակ արդյունք չեղավ, հիմա հաստատ չի լինի»,-կարծում է Օհանյանը:
Վերջինիս խոսքով, ՍԴ դիմելն ավելի շատ հարցին քաղաքական մոտեցում տալու նպատակ կարող է ունենալ: «Ամեն մի քայլ ինչ-որ ալիք է բերում: Քաղաքացիների մոտ ոգեւորություն առաջացնող քայլ է: Եթե դիմեն էլ, ապա կդիմեն, ըստ իրենց, քաղաքական դիվիդենտներ շահելու, քան իրավաբանական արդյունք ստանալու համար»: Արմեն Մարտիրոսյանը, սակայն, չհամաձայնեց Օհանյանի դիտարկմանը, թե անհրաժեշտ ապացույցներ չկան կամ քիչ են: «Միայն թանաքի ժամանակից շուտ ցնդելը կամ հեշտությամբ մաքրվելը հերիք է արդեն»,- նկատեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ իրենք ունեն այլ ապացույցներ եւս: Մասնավորապես, որ մի շարք բնակավայրերում բաց քվեարկություն է եղել, եղել են կրկնակի քվեարկության դեպքեր: «Գեղարքունիքը Հայաստանի ամենադատարկված մարզերից մեկն է, բայց ամենաշատ քվեարկություն իրականացրած մարզերից է: Էլ չեմ խոսում ընտրության օրը համացանցում հայտնված տեսանյութերի, Արարատի խայտառակ ընտրությունների, լցոնումների մասին»: Մարտիրոսյանը հակադարձում է Պարգեւ Օհանյանին. «Այս ընտրություններին, համեմատած 2008-ի հետ, համակարգային խախտումներն ավելի շատ են եղել, ինչը ՍԴ-ն չի կարող անտեսել: Եթե ՍԴ-ն կուսակցապետական շահերից վեր կանգնի, ապա ի օգուտ ժողովրդի որեւէ որոշում կընդունի հաստատ»,-համոզված է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
Կարդացեք նաև
ՀԳ – Մեջբերենք օրենքի դրույթը՝ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով ՍԴ-ն կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը եւ`
– անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
– ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին
– ընտրությունները ճանաչել չկայացած
– նշանակել ընտրության երկրորդ փուլ:
«Հրապարակ»