Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորների երեկվա հայտարարությունները գրվել էին մի կենտրոնում՝ նույն ոճով, նույն ոգով

Փետրվար 27,2013 10:51

Ի՞՞նչ էր մտածում հայ ունկնդիրը Ազգային ժողովի պատգամավորների երեկվա հայտարարությունները լսելիս: Առաջին հերթին այն, որ դրանք գրվել են մի կենտրոնում՝ նույն ոճով, նույն ոգով ու թերեւս նույն անձի կողմից, ապա բաժանվել են ՀՀԿ-ական պատգամավորներին, որոնք առանց գոնե մեկ անգամ ընթերցելու, մի կերպ հեգելով` կարդում էին դրանք ԱԺ ամբիոնից:

Մտածում էին, որ դրանք գրվել են պնակալեզ ու իշխանամետ մի կենտրոնում, որտեղ վստահ են, թե ՀՀ քաղաքացիները խոտ են ուտում ու երկար ականջներ ունեն: Մտածում էին, թե ԱԺ պարիսպների հետեւում թաքնված հոխորտալը թուլության նշան է եւ ազգիս ընտրյալներին ոչ վայել: Մտածում էին՝ այս ե՞րբ հասցրին այս երիտասարդներն այսքան փչանալ, որ ծառայելիս սահման չեն ճանաչում: Ասում էին՝ լավ, ավելի խելացի ու համոզիչ փաստարկներ հնարավոր չէ՞ր մտածել, մի քիչ հնարամտություն դրսեւորել, մի քիչ անկեղծություն: Այդ տեքստերում զետեղված պրիմիտիվ «կտերն» ո՞վ է ուտելու: Դրանք հո Խարբերդի մանկատան սաների համա՞ր չեն գրվել: Ի վերջո՝ կարելի էր, չէ՞, մի քիչ ավելի հարգալից լինել այն 500 հազարից ավելի մարդկանց հանդեպ, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ համոզված են, որ ընտրությունները կեղծվել են:

Կարելի էր ափսոսանք հայտնել կատարվածի համար, հավատացնել, որ ընտրակեղծիքները պետության կողմից, մանավանդ ընտրովի մարմնի կողմից, չեն հովանավորվել: Որ ընտրակեղծարարները պետք է անպայման պատժվեն: Որ իրենք հետեւություններ կանեն ու դասեր կքաղեն այս ընտրություններից: 1996-ից մնացած ամենավառ տպավորությունս կեղծված ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթից էր, որտեղ նա անուղղակի ներողություն էր խնդրում ժողովրդից: Պետական գործչի իմաստնությունը նաեւ զղջալու ունակության մեջ է արտահայտվում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728