Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառը կարևոր չէ

Փետրվար 27,2013 10:45

Փետրվարի 26-ն աչքի ընկավ Սերժերի նամակագրությամբ: Նախ Սերժ Սարգսյանին նամակ էր հղել Սերժ Թանգյանը՝ աշխարհահռչակ ամերիկահայ երաժիշտը, իսկ հետո Սերժ Սարգսյանն էր պատասխանել Թանգյանի նամակին:

Թանգյանն իր նամակում Սերժ Սարգսյանի ուշադրությունն էր կենտրոնացրել ժողովրդական բողոքի, անվստահության, ընտրակեղծիքների վրա:

Սերժ Սարգսյանի պատասխանում անորոշ էր, թե ինչի վրա է նա կենտրոնացնում իր ուշադրությունը: Գեղեցիկ դարձվածքներ, հուզական և լիրիկ տեքստ… Այն դեպքում, երբ առաջին նամակը խիստ կոնկրետ իրավիճակի և խնդիրների մասին էր, ու ակնկալվում էր առնվազն նույնքան կոնկրետ պատասխան: Իսկ դա հանրային տեսակետից կարևոր էր, քանի որ նախագահական ընտրություններից և դրանց նկատմամբ հետընտրական զանգվածային բողոքներից հետո Սերժ Սարգսյանը փաստորեն լռություն է պահպանում, և Սերժ Թանգյանին նրա պատասխան նամակը կարելի էր դիտարկել նաև որպես հանրային ելույթ առկա իրավիճակի կապակցությամբ:

Այդ տեսանկյունից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Թանգյանին ասելու բան չուներ, այլ նաև ասելու բան չունի հասարակությանը: Եթե Սերժ Սարգսյանը գործեր, ապա կարելի էր մտածել, որ այսօր արդեն նա, խոսելու փոխարեն, գերադասում է գործը: Դա, իհարկե, նախընտրելի կլիներ, եթե Սարգսյանը հենց ընտրության հաջորդ իսկ օրվանից անցներ գործի և գործով պատասխաներ թե՛ հասարակությանը, թե՛ իրեն ուղղված նամակներին: Սակայն այդ գործը չկա։

Սերժ Սարգսյանը փաստորեն ո՛չ գործում է և ո՛չ էլ ըստ էության առարկայորեն, կոնկրետ խոսակցություն վարում հասարակության հետ: Սա կա՛մ նրա կողմից իրավիճակի անկառավարելիության նշան է, կա՛մ էլ պարզապես անհամարժեքության, իրավիճակը խորությամբ չպատկերացնելու, հանրային տրամադրություններն ու զգացմունքները չընկալելու, չհասկանալու, հասկանալ չուզելու վկայություն:

Երկու դեպքում էլ իրավիճակը վտանգավոր է պետության համար, և կարևոր չէ, թե ինչի պատճառով պետությունը պատրաստ չէ ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներին՝ իրավիճակի հանդեպ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու անզորությա՞ն, թե՞ պարզապես ոչ ադեկվատության պատճառով: Միևնույն է, հետևանքի ծանրությունը նույնն է լինելու:

 Հովհան Մանդակունի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728