Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման մինիմալ խնդիրները

Փետրվար 27,2013 10:39

Ես սկզբում բավական թերահավատ էի հետընտրական լուրջ զարգացումների վերաբերյալ: Կարծում էի՝ այնքան է ամեն ինչ վարկաբեկվել, որ հրապարակային-հանրահավաքային պայքարը դժվար կայանա: Սակայն հետընտրական առաջին օրերը ցույց տվեցին, որ բազմաթիվ մարդկանց մոտ չի մարել այս ճանապարհով փոփոխությունների հասնելու ձգտումը:

Հրապարակ դուրս եկող մարդիկ էականորեն տարբերվում են հինգ տարի առաջ հրապարակ դուրս եկողներից: Չկա աչքերի փայլ, փոխադարձ ատելության տոկոսը զգալիորեն ցածր է, հասարակությունը անհամեմատ հասուն է և պրագմատիկ, առանց ավելորդ պատրանքների: Այս ամենը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Սերժ Սարգսյանին և համակարգը տապալելու հարցում ես էլի հոռետես եմ մնում, բայց վստահ եմ, որ քաղաքացիական ակտիվությունը ստիպելու է համակարգին լուրջ փոփոխությունների, վիրահատական միջամտությունների գնալ՝ նոր իրավիճակում գոյատևելու համար: Մեծ հույսեր ունեմ, որ կրիմինալ և կիսակրիմինալ տարրը դուրս կմղվի պետական և տեղական ինքնակառավարման համակարգից: Սրա համար հուսադրող է ոչ միայն հետընտրական ակտիվությունը, այլև այս տարրերի անարդյունավետ դառնալը:

Իշխանությունների սխալ քայլերը ազգայնական նոր ալիք են բարձրացնում, ինչը ծավալվող հետընտրական զարգացումների հետ միասին կարող է տապալել վարչակարգի ամենաօդիոզ դեմքերից մեկին՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Վերջինիս նմաններից ազատվելն էլ պետք է լինի բարևի հեղափոխության մինիմալ նպատակը:

Ռեժիմն իր գոյությունը շարունակելու համար առաջիկայում կգնա մի շարք զիջումների՝ այդ թվում՝ Ազգային ժողովում հրաժարվելով մի շարք վարկաբեկված պատգամավորներից, որոնց փոխարինելու կգան հոդաբաշխ խոսք ասելու ունակ և մտավորական տեսքով գործիչներ, ովքեր հանգրվանել են ՀՀԿ ցուցակի վերջին տեղերում: Այս տիպի գործիչներից ոմանք հույս ունեն համակարգի ներսում հասնել փոփոխության, ոմանք էլ իրենց օրվա ապրուստն են հայթայթում ռեժիմի համար փաստաբանություն անելով: Նրանց մեջ կան թե՛ գիտական շրջանակներում հեղինակություն ունեցող հետազոտողներ, թե՛ «Հայլուրի» էկրանից ժողովրդին մատուցվող փորձագետներ, թե՛ տարբեր դեկանատներում ինֆորմատոր լինելու շնորհիվ ինչ-որ դիրքի հասած քվազիգիտնականներ:

Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մարզերում զգալի ներուժ կա, առողջ հասարակության բազմաթիվ դրսևորումներ, այնինչ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացված է Երևանում: Գյումրիում, Վանաձորում, Կապանում որոշակի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների առկայությունը թույլ է տվել հսկել ընտրությունները և որոշակիորեն նվազեցնել ընտրակեղծիքները: Ժամանակն է, որ ուշադրություն դարձվի մնացած քաղաքներին ևս, աջակցվի մարզերում ակտիվ քաղաքացիական նոր բջիջների ստեղծմանը, որոնք հարթակ կդառնան տեղական էլիտաների ձևավորման համար: Այս կառույցները խիստ կարևոր են տեղերում հակակշիռների ստեղծման համար:

Հակառակ դեպքում լիսկաներից ազատվելու մինիմալ խնդիրը պետք է հինգ տարին մեկ դրվի:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728