Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

Փետրվար 26,2013 23:19

Բաց նամակ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին` պատասխանի ակնկալիքով

Հարգարժան պարոն Սերժ Սարգսյան,
Մամուլում կարդացի հայազգի հանրահայտ երաժիշտ Սերժ Թանգյանի նամակը Ձեզ եւ Ձեր զգացական պատասխանը նրան:

Ես սփյուռքահայ չեմ, ոչ էլ` հանրահայտ, ինչպես Սերժ Թանգյանը: Ես ՀՀ պարզ մի քաղաքացի եմ, որն այսօր ապրում է արտասահմանում եւ վաղուց կարող էր հանձնել ՀՀ անձնագիրն ու դուրս գալ քաղաքացիությունից եւ ստանալ եվրոպական ապահով երկրներից մեկի քաղաքացիությունը: Բայց դա չի արել, որովհետեւ անգամ քսան տարի դրսում ապրելուց հետո էլ ես ինձ համարում եմ իմ հայրենիքի մեկ մասնիկը, որի բույնը Հայաստանն է, ով միայն ժամանակավոր է ստիպված ապրել իր հայրենիքից, իր տեղ ու բնից հեռու:

Հասկանում եմ, որ Դուք շատ բազմազբաղ եք եւ չեք կարող թերեւս անձնապես արձագանքել ու պատասխանել յուրաքանչյուրի բաց ու փակ նամակներին: Հասկանում եմ, որ Սերժ Թանգյանն իր արվեստով, մեր հայրենիքի սահմաններից դուրս մեր ժողովրդին ու երկրին բերած հսկայական իր հասարակական ծառայությամբ վաստակել է իրավունքը Ձեզանից ստանալու ջերմիկ ու զգացական մի նամակ: Ես չեմ հավակնում մի այդպիսի նամակի: Այնուհանդերձ մի կարճ պատասխանի ակնկալիք ունեմ: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչո՞ւ Դուք կամ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չեք հրապարակում նախագահական ընտրություններին մասնակցածների ստորագրված ցուցակները:

Ես իրավագետ ու իրավաբան չեմ, բայց որքանով կարդում եւ հասկանում եմ մեր սահմանադրությունը, նման քայլը չպետք որ հակասի ՀՀ ներկա սահմանադրությանը: Չեմ կարծում, որ նման քայլը կհակասի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին եւ կամ վնաս կհասցնի ընտրության գաղտնիությանը:

Հաճելի է կարդալ Ձեր նամակում, որ Դուք միշտ համոզված եք Ձեր քայլերում եւ վստահաբար հավատում եք ընտրության պաշտոնական արդյունքներին: Համոզված լինելը սքանչելի զգացում է, քանի որ մարդն այդպես իրեն հանգիստ է զգում, տարաբնույթ մտքերն իրեն չեն մտատանջում եւ կարողանում է գիշերը հանգիստ քնել: Հավատացե՛ք, մեր ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը, վստահաբար նաեւ Ձեզ ընտրողները ներառյալ, ուզում է համոզված լինել իրենց կատարած ընտրության արդյունքներում, չընկնել մտատանջությունների մեջ եւ չտարուբերվել այս ընդդիմությունից դեպի մյուսը: Իսկ այդ հարցում հստակություն կմտցնի միայն ստորագրված ընտրացուցակների հրապարակումը:

Դուք, Ձեր անմիջական կողմնակիցներն ու համակուսակցականները, թերեւս նաեւ Ձեզ ընտրողների մի մասը, վստահ են եւ համոզված Ձեր հաղթանակին: Մի՛ մոռացեք սակայն, որ Դուք նախագահն եք նաեւ Ձեզ չընտրածների եւ պարտավոր եք հարգել նաեւ նրանց տեսակետն ու զգացումները: Իսկ այսօր, հավատացե՛ք, ՀՀ քաղաքացիների մեծ մասը, անկախ նրանից թե նրանք փողոցում են կամ ոչ, ցույց ու միտինգ են անում թե դասադուլ կամ իրար «բարեւ» տալիս, համոզված չեն Ձեր հաղթանակին: Իսկ ցուցակների հրապարակումը լույս կսփռի շատ անպատասխան հարցերի վրա եւ ի վերջո, թեկուզ տասնութ տարի ուշացումով մեր ժողովուրդը կհամոզվի իր կատարած ընտրության, կշնորհավորի Ձեզ եւ Դուք էլ ունենալով ժողովրդի մեծամասնության քվեն ու վստահությունը, է՛լ ավելի ամուր, է՛լ ավելի համոզված ու վստահ կղեկավարեք մեր երկիրն ու այն կներկայացնեք նաեւ միջազգային այլեւայլ ատյաններում:

Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը: Այն շատ ավելին է, քան ցանկացած արտասահմանյան դիտորդի կամ ղեկավարի, Գարեգին կաթողիկոսի կամ հայտնի արվեստագետի շնորհավորանքը:

Իսկ եթե պարզվի, որ ընտրության իրական արդյունքներով Դուք չեք ընտրվել ՀՀ նախագահ, ապա նախագահական աթոռը պատվով կթողնեք Ձեր հաջորդին եւ կարժանանաք բոլորի սրտաբուխ հարգանքին, մինչ այդ հավանաբար պաշտոնից ու աշխատանքից հեռացնելով բոլոր նրանց, ովքեր կեղծել են այդ արդյունքները եւ Ձեզ ու մեր երկրին արջի ծառայություն մատուցել:

Հետեւաբար խնդրում եմ, տնօրինե՛ք անհրաժեշտը, որպեսզի հրապարակվեն ստորագրված ընտրացուցակները:

Ռամիս Օհանյան
Հայաստան – Հոլանդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Kristine says:

    «Հիշեցե՛ք, ամենակարեւորը ժողովրդի շնորհավորանքն է ու վստահությունը»

    Այս նամակը հազարավոր հայերի սրտից է բխած

  2. Mika says:

    Թոռնիկին հարցեր հուշել պետք չէ. նա կհարցնի իսկ ուր էիր դու պապիկ երբ 100 հազարավոր մարդիկ թողնում ու գնում էին մեր երկիրը, իսկ դու ինչու Սաշիկ պապիկի ձեռքը չէիր բռնում երբ նա թալանում ու զոռով *փայ էր մտնում* ուրիշ մարդկանց բիզնեսներում, թոռնիկը կհարցնի նաև օլիգարխների ու կաշառակեր դատավորների, նախագահի ասածի ու արածի մեջ եղած ահռելի տարբերությունից, հետո կհարցնի թե ինչու մեր երկիրը մենակ շահույթ հետապնդելու համար օգտագործեցիր պապիկ, միթե քո համար կարևոր չէր սեփական ժողովրդիտ կամքը??? ու թոռնիկը հաստատ կամաչի որ իր պապիկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ կմնա միակ նախագահը, որը երկու անգամ էլ չընտրվելով, երեսի զոռով մնաց նախագահ…

  3. Լևոն Մելքումյան says:

    Ինչ եք կարծում, պ-ն Սարգսյան, քանի՞ անգամ դուք պիտի տարբեր ամբիոննեից ասեք մի բան և անեք հակառակը, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ դուք պարզապես ստում եք: Չե՞ք հիշում, արդյոք, որ դուք դա արդեն արել եք բազում անգամներ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728