«Մեր համագործակցությունը թույլ տվեց մանկավարժական եւ գիտական փորձի արգասաբեր փոխանակում իրականացնել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայ-ֆրանսիական համագործակցության մասին նշեց Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբին:
Նրա պնդմամբ համագործակցությունը հնարավորություն տվեց, որպեսզի ուսանողները ստանան միջազգային միտվածությամբ որակյալ մասնագիտական կրթություն: Կրթություն, որը իսկական մասնագետներին հասցեագրված դասավանդման տեխնիկական հայեցակետերից զատ, ձգտում է նաեւ կրթել աշխարհի իսկական քաղաքացիներ.
«Այս համագործակցության հաջողությունը նախ եւ առաջ ուսանողների հաջողությունն է, քանի որ լավագույն կրթության բաղադրիչներ են որակյալ ուսանողները»:
ՀՖՀՀ-ի համագործակցությունը Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի միջազգային գործունեության ամենահաջողված օրինակներից է: 12 տարվա ընթացքում հաջողվեց ստեղծել դիպլոմներ, որոնք ազգային եւ միջազգային ճանաչում ունեն: Հայ եւ ֆրանսիացի դասախոսների միջեւ կա լուրջ համագործակցություն ու վստահություն.
Կարդացեք նաև
«Այս ամենի արդյունքում ուսանողները ստանում են հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմներ: Լիոնի 3-րդ համալսարանը Հայաստան է գործուղում ամեն տարի 60 լավագույն դասախոսների: Հայ եւ ֆրանսիացի դասախոսների արդյունավետ համագործակցության արդյունքում է, որ ունենք որակյալ կրթություն»:
Ժակ Կոմբիի խոսքով իրենց նպատակն է ուսանողներին մասնագիտական գիտելիքներ տրամադրելը, քանի որ երիտասարդներն են Հայաստանի ապագան: Նրանք նպատակասլաց են, մոտիվացված, նախանձախնդիր, լուրջ եւ եվրոպական չափանիշներին համարժեք.
«Հայ ուսանողներն ի տարբերություն ֆրանսիացի ուսանողների ավելի լավն են: Ֆրանսերեն խոսող երիտասարդները ավելի մեկ հնարավորություն եւ առավելություն ունեն՝ աշխատանք Ֆրանսիայի, Կանադայի եւ այլ զարգացած երկրների հետ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ