Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը` Շիրակի մարզպետի ու քաղաքապետերի հրաժարականի մասին

Փետրվար 26,2013 22:46

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանն ասաց, որ թեև հոգեբանական տեսանկյունից դժվար է վերլուծելը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը, քանի որ դա ներանձնային որոշում է, և գնահատական տալուց անհրաժեշտ է շատ զգույշ ու խորաթափանց լինել, այդուհանդերձ քաղաքական տեսանկյունից ողջունելի չէ : «Քաղաքական հոգեբանական ընկալումների մեջ ես չէի գնահատի դա արդյունավետ քայլ, ոչ միայն մարզպետի, այլ նաև մարզպետի կուսակցապետի կողմից, որովհետև առանց այդ էլ, էսպես ասենք, կա ժողովրդական ցասման դրսևորում, և յուրաքանչյուր այդպիսի քայլը ուղղակի սպառում է իշխանության քաղաքական կապիտալը: Մարդիկ մտածում են, որ սա քայլ էր `ուղղված կուսակցական պարտականություններին», -կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:

Մենք Աշոտ Հակոբյանին փոխանցեցինք, որ Աշոտ Գիզիրյանը անկուսակցական է, որին նա արձագանքեց այսպես. «Բոլոր դեպքերում: Պաշտոնապես ես նոր իմացա, որ նա անկուսակցական է, բայց նրա այդ քայլը Հանրապետական կուսակցությունից դրդված քայլ պետք է լիներ, և եթե դա կապված է ընտրությունների հետ, ի՞ նչ է նշանակում մարզպետի համար ընտրությունները ձախողելը : Իմ կարծիքով ընտրությունները չեն ձախողվել, եթե ընտրությունները եղել են , ժողովուրդը արտահայտում է իր վերաբերմունքը: Եթե ինչ-որ մեկը չի ընտրվել, պաշտոնյան հեռանում է, սա տխուր քայլ է, որովհետև խոսում է անձնային ուղղորդվածության մասին: Վերջապես պետք էր ուրախանալ, մեր քաղաքական համակարգի մեջ նոր իրավիճակ ունենք, փոփոխություններ, գուցե նոր դերակատարներ հետ կգան: Քաղաքական տեսանկյունից և նաև սոցիալ-հոգեբանական տեսանկյունից խիստ արդյունավետ վիճակ է , և ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է համարի իր անձնային պարտությունը, եթե էդպես է համարում, ես չգիտեմ ինքը ինչպե՞ս է որոշել, բայց էստեղ ոչ մի պարտություն չկա»:

Իսկ ինչ կասի Աշոտ Հակոբյանը ընտրություններում նախագահին ձայն չապահովելու պատճառով պաշտոնից հրաժարվող քաղաքապետերի մասին, նրանք իրավունք ունեի՞ն իրենց ընտրազանգվածին լքելու: «Սա շատ անգամ ավելի նվաստ դիրքորոշում է, շատ անգամ ավելի թույլ դիրքորոշում է, բայց բոլոր դեպքերում տիպական է մեր իրողության համար, որովհետև մարդիկ չեն գնահատում իրենց սոցիալական կարգավիճակը, չեն գնահատում իրենց տված իշխանական կարգավիճակը: Վերջապես կառավարչական համակարգում նրանք որոշակի գործառույթներ ունեն, և շատ ավելի առաջնային պետք է լիներ իրենց այս կարգավիճակից բխող իրենց իրավունքներն ու պարտականությունները, այլ ոչ թե պատեհապաշտական գնահատումները , գործող նախագահին կամ Հանրապետական կուսակցությանը մատուցված ծառայությունները: Եվ բնականաբար ձեր դիտարկումը ճիշտ է, եթե ժողովուրդը իրենց վստահել ու քվե է տվել, ո՞նց կարող եք դուք խաբել ժողովրդի սպասումները ինչ-որ մի նեղ կուսակցական շահից դուրս գալով: Իհարկե, շատ ցածր քաղաքական քայլ է, անձնական շահից բխող քայլ է , ծառայողամոլուցք է, դուք չեք ծառայում ժողովրդին, ծառայում եք երկրի նախագահին: Եղբայր , էդպիսի հարաբերություններ չի կարող լինել ոչ մի տեղ: Այլ բան է, եթե դուք սահամանադրական վիճակ եք խախտել, այլ բան է, եթե ձեր քաղաքական գործունեությունը լիներ ձախողված, այս դեպքում ես կհասկանայի: Էս պահի զարգացումների մեջ սրանք բավականին վտանգավոր են, ներկայիս զարգացումները կանխատեսելի չեն, հետևաբար և էսպիս տեղաշարժերը տեղին չեն»:

Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, որով անգիտակից է անվանել ժողովրդին` Սերժ Սարգսյանին ձայն չտալու համար, հոգեբան Աշոտ Հակոբյանը այսպես մեկնաբանեց . «Ես անձամբ ծանոթ չեմ այդ մարդուն և չեմ կարող որպես մարդ գնահատել, բայց քաղաքական գործչի և կառավարչական համակարգում ընդգրված այդպիսի տրամաչափի գործչի համար դիտողությունը իհարկե ճղճիմ է, և շատ անգամ ավելի վտանգավոր, քաղաքագիտական ընկալումների մեջ անգրագետ է: Ցավում եմ, որ մենք էսօր մենք սկսեցինք ահազանգել, երբ Վանաձորի քաղաքապետը էդպես արտահայտվեց, բայց մոռացանք, որ ժամանակ առաջ քաղաքական շատ գործիչներ, կամ վայ գործիչներ իրենք էին փորձում իրենց քաղաքական ձախողումների մեջ քավության նոխազ գտնել ժողովրդին, թե այն մարդը իրեն ծախեց, էս արեց, էն արեց…»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728